Ուկրաինայի ընդդիմության ներկայացուցիչները Մայդանում պատմել են Յանուկովիչի հետ հանդիպման մասին
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ ուրբաթ կայացած հանդիպումից հետո ընդդիմության առաջնորդները վերադարձել են Մայդան եւ պատմել բանակցությունների մասին: Յանուկովիչի հետ հանդիպել էին ընդդիմադիր «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը, «ՈւԴԱՌ»-ի ղեկավար Վիտալի Կլիչկոն եւ «Բատկիվշչինա»-ի առաջնորդ Արսենի Յացենյուկը:
«Նախագահը կոնկրետ պատասխան չտվեց Մայդանում ցուցարարների պահանջներից եւ ոչ մեկին: Միակ բանը, որը նա խոստացավ տեսախցիկների առջեւ` ուժային ակցիաների նկատմամբ մորատորիումի կիրառումն էր»,-հայտարարել է Յացենյուկը:
«Հանդիպման հիմնական ձեռքբերումն այն էր, որ մենք առաջին անգամ մեր պահանջները ներկայացրեցինք անձամբ Յանուկովիչին»,-ասել է Տյագնիբոկը:
Ընդդիմադիրները հայտարարել են Մայդանում եւս չորս օր ակցիաները շարունակելու մտադրության մասին` մինչեւ երեքշաբթի, երբ տեղի կունենա Յանուկովիչի այցը Ռուսաստան: