Բաժիններ՝

ՀՀ կառավարությունը փակ դուռ է թակում

Հայաստանի կառավարությունը փորձում էր ամեն կերպ Միացյալ Նահանգների բարյացակամությանն արժանանալ և կրկին ընդգրկվել «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրում (ՀՄԾ): Մոտ 1 ամիս առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ի լուր աշխարհի հայտարարեց իր ակնկալիքների մասին: «Վաշինգտոնը դրական է գնահատել Հայաստանում իրականացված ծրագրի արդյունքները և այն գնահատել է որպես արդյունավետ ծրագիր, քանի որ բոլոր թիրախները, որ մենք դրել էինք մեր առջև, ամբողջությամբ ի կատար են ածվել… ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ մենք հնարավորություն ունենք ևս մեկ անգամ դիմելու «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին»,- կառավարության նիստում հայտարարել էր Տ.Սարգսյանը:
Որպես հիմնավորում` ՀՀ վարչապետը մատնանշել էր «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակի կայքէջում տեղադրված գնահատականները, ըստ որոնց` ՀՀ-ն երեք հիմնական չափանիշներով ստացել է դրական գնահատականներ, մասնավորեցնելով՝ ՀՀ «առաջընթացը» կոռուպցիայի վերացման ոլորտում: Տ.Սարգսյանը նաև Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հանձնարարական էր տվել` դիմել «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակին նոր հայտով: Օրեր անց Դ. Սարգսյանն արդեն ԱՄՆ-ում էր, բայց պաշտոնապես այդ այցը ձևակերպվեց` որպես «Հայ-ամերիկյան միջկառավարական համաժողովի նիստին մասնակցության նպատակով»: Այցից հետո պաշտոնյաները նրբանկատորեն լռեցին «Հազարամյակի մարտահրավերների» վերաբերյալ:
Հայտնի է, որ ՀՀ-ն դիմել էր ԱՄՆ կորպորացիային և ֆինանսավորում ստանալու համար մրցակցելու էր ևս շուրջ 10 երկրի հետ:
Բայց արի ու տես, որ ամերիկացիները բավականին անտարբեր են ու մեր իշխանավորների «ջանքերը» չեն էլ նկատել` թողնելով, որ Տիգրան Սարգսյանի ոգևորությունը մարի Ամանորի նախաշեմին:

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հրապարակել է հաղորդագրություն, որում տեղեկացնում է, որ կորպորացիայի խորհուրդն ընտրել է այն երկրները, որոնք աջակցություն են ստանալու ՀՄԿ-ից: Եվ այդ երկրների շարքում Հայաստանի անունը չկա:
ՀՄ կորպորացիան գերադասել է իր ձեռքը մեկնել Լեսոթոյին` հարավաֆրիկյան այս երկրում իրականացված բարեփոխումներն առավել բարձր դասելով ՀՀ պաշտնյաների հավաստիացումներից:
«Խորհուրդն ընտրել է Լեսոթոն, քանի որ այն հետևողականորեն ցույց տվեց իր նվիրվածությունը ժողովրդավարական կառավարմանը և ռացիոնալ քաղաքականությանը: Նոր ծրագիրը Լեսոթոյին հնարավորություն կտա էականորեն նվազեցնել աղքատությունը և տնտեսական աճ արձանագրել երկրում: Առաջին ծրագրի մշակման և իրականացման ընթացքում Լեսոթոն ՀՄԿ-ի ուժեղ գործընկերն էր: Մենք անհամբեր սպասում ենք այս համագործակցության շարունակմանը և կօգնենք բասուտո ցեղախմբի մարդկանց ավելի բարեկեցիկ ապագա կերտել»,- ասել է ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Վ. Յոհանեսը:
Լեսոթոն այս տարի սեպտեմբերին հաջողությամբ ավարտել է նախկին 363 մլն դոլար արժողությամբ 5-ամյա ծրագիրը, որն օգնել է ընդլայնել կենցաղային և արդյունաբերական նպատակներով օգտագործվող ջրամատակարարումը, ամրապնդել երկրի առողջապահական համակարգը, և վերացրել է ներդրումներ իրականացնելու ճանապարհին առկա շատ խոչընդոտներ: Իսկ այդ երկրի կառավարությունը ցույց է տվել իր հավատարմությունը բարեփոխումներին ու սեփական միջոցներից 50 մլն դոլար ծախսել ծրագրի իրականացման համար: Միաժամանակ` օրենսդրական փոփոխություններ են արվել, որոնցով ամուսնացած կանանց տրամադրվել են հավասար իրավունքներ իրենց ամուսինների հետ:
Երկրների ընտրությունը կատարվել է` ելնելով արդարության, ժողովրդավարական կառավարման, ազատականացված տնտեսության սկզբունքներին հարազատ մնալու և տվյալ ժողովրդի բարեկեցության ապահովման համար գործադրվող հնարավոր բոլոր ջանքերի ուսումնասիրության արդյունքում: Խորհուրդը նաև հաշվի է առնում տվյալ երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, որոնք, հնարավոր է, ցուցանիշների մեջ չեն մտնում:
ՀՄԿ խորհուրդը նաև որոշել է երկրորդ անգամ իր աջակցությունը տրամադրել և վերակնքել համաձայնագրերը Գանայի, Լիբերիայի, Մարոկկոյի, Նիգերիայի և Տանզանիայի հետ` այդ երկրներում զարգացման ծրագրերը շարունակելու համար: Սակայն Լիբերիան և Մարոկկոն ամբողջությամբ չեն բավարարել ՀՄԿ պահանջները և համաձայնագրերը կնքելու համար պետք է լրացնեն բացթողումները:
Բենինը և Սիերա-Լեոնեն մերժում են ստացել ՀՄԿ-ից: Խորհուրդը նշել է, որ այդ երկու երկրները չեն բավարարել ՀՄԿ պահանջները կոռուպցիայի մասով, և խորհուրդը կոչ է արել շարունակել կոռուպցիայի դեմ պայքարը: «Մենք շատ անհանգստանում ենք, երբ մի երկիր չի անցնում կոռուպցիայի ցուցանիշով ՀՄԿ վերահսկողությունը»,- ասել է Յոհանեսը:
Խորհուրդը նաև վերընտրել է Գվատեմալային և Նեպալինգ որպես զարգացման ծրագրերը շարունակելու իրավասու երկրներ:
Ընտրված երկրներին ՀՄԿ խորհրդի կողմից առաջարկություն է ներկայացվել նախապատրաստել ծրագրային առաջարկությունների փաթեթ «Հազարամյակի մարտահրավերների» հիմնադրամի շրջանակներում ֆինանսավորելու նպատակով:
Ուշագրավ է, որ Հայաստանի անունը չի էլ հիշատակվում ՀՄԿ հաղորդագրությունում: Թե ի՞նչ հիմնավորումներ կմտածեն ՀՀ իշխանությունները «Հազարամյակի մարտահրավերների» կողմից աչքաթող լինելու փաստը արդարացնելու համար, հավանաբար, շուտով կտեսնենք: Բայց թե որքա՞ն է ՀՀ կառավարությունը շարունակելու «դրսերում» օգնություն փնտրել և ձեռքը պարզած սրա ու նրա դուռը թակել, հայտնի չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս