Time-ի «Տարվա մարդ» է ճանաչվել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
Ամերիկյան Time պարբերականի «Տարվա մարդ» անվանակարգում հաղթել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Թեկնածուների թվում եղել են նաև ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը և Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Հաղթողին ընտրել է ամերիկյան պարբերականի խմբագրակազմը:
Սակայն նրանց որոշման վրա մեծապես ազդել է համացանցքում քվեարկած ընթերցողների կարծիքը: Կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն Հռոմի պապ ընտրվեց այս տարվա մարտին: Նա դարձավ Կաթոլիկ եկեղեցին գլխավորած Լատինական Ամերիկայի առաջին ներկայացուցիչը:
«Տարվա մարդու» հավակնորդների ցուցակում ընդգրկվել է ընդհանուր առմամբ 42 անուն, որոնց թվում եղել են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդուլ Ֆաթթահ Աս-Սիսին և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: