«Դուք հո ինքնասպան կամիկաձեներ չե՞ք». Նաիրա Զոհրաբյանը՝ գործարարներին

«Հարգելի գործընկերներ, այս նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան պետական ռեկետ, և այլ կերպ ձևակերպել հնարավոր չէ: Ու կապ չունի` 20, 30, թե 40 տարի հետո կտա՞ն քեզ կենսաթոշակ, թե՞ ոչ, կարևոր է քո մասնաբաժինը տալ աշխատավարձի»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս նշեց, թե մինչև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, երբ օրենքը կամավոր հիմքունքներով էր գործում,  իշխող մեծամասնության որևէ ներկայացուցիչ և կառավարության որևէ անդամ, այդպես էլ չմասնակցեց այդ նախաձեռնությանը՝ ապահով ծերության համար։ «Որևէ մեկը նմուշի համար չի օգտվել այս համակարգից»,-ընդգծեց նա։

Ինչ վերաբերվում է այն ձեռնարկատերերին, ովքեր հայտարարում են, թե իրենք պատրաստ են վճարել իրենց աշխատողների փոխարեն, ովքեր բոյկոտելու են կուտակային կենսաթոշակային համակարգը, Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե դա բլեֆ է։ «Այն կազմակերպությունները, ովքեր հերոսաբար իրենց վրա են վերցնում կուտակային կեսաթոշակային համակարգի վճարները, հասկանում ենք, որ այս բլեֆի իրական նպատակները որոնք են։ Նախ, եթե մասնավորն իր վրա նման պատասխանատվություն է վեցնում, նշանակում է` մեր երկրում պետական ինստիտուտները չեն աշխատում, և պետությունը` որպես այդպիսին, չի կարող իր երաշխավոր գործիքները կիրառել»,- ասաց նա։

«Ես հարց եմ ուզում հղել այդ հերոսական կազմակերպություններին, որոնք վստահաբար, կամ պարտադրաբար փորձում են գնալ այս հերոսական ակցիաներին։ Ի՞նչ է, դուք 20, 30, 40 տարի յուրաքանչյուր ամիս այդ գումարները վճարելո՞ւ եք, իհարկե ոչ, դուք հո ինքնասպան կամիկաձեներ չե՞ք։ Իհարկե, այդ անձնազոհությունը, ինքնազոհությունը կամ կամիկաձեությունը տևելու է մի քանի ամիս, որպեսզի այս աղմուկը մարի և, բնականաբար, ասեք` եկեք աշխատեք և ձեր պարտավորությունները պետության առջև կատարեք ինքներդ»,-համոզմունք հայտնեց նա և աշխատողներին կոչ արեց չհավատալ այդ «մեծ բլեֆին և մտածել դրա իրական հետևանքների մասին»։ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ոչ իշխանական 4 քաղաքական ուժերը դեկտեմբերի 17-ից կդիմեն ՍԴ։ «Ես ինձ չեմ համարում ռոմանտիկ մարդ, և ինձ համար արդեն իսկ կանխատեսելի է ՍԴ-ի վճիռը, բայց դա է առայժմ այս ճանապարհը»,-եզրափակեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս