Ադրբեջանում առկա է 142 քաղբանտարկյալ, սակայն Եվրոպան չի ճանաչում նրանց. իրավապաշտպաններ
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների միջազգային օր: Դրա հետ կապված՝ Ադրբեջանում Մարդու իրավունքների ակումբը խորին մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների լայնամասշտաբ և պարբերական խախտումների կապակցությամբ:
Ակումբի ղեկավար Ռասուլ Ջաֆարովը հայտարարել է, որ ներկա դրությամբ Ադրբեջանում առկա է 142 քաղբանտարկյալ, որոնց անհրաժեշտ է ազատ արձակել: Ադրբեջանի Իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Էլդար Զեյնալովն իր հերթին հայտարարել է, որ Եվրոպայի Խորհուրդը քաղբանտարկյալ է ճանաչել նրանցից միայն 40-ին:
Զեյնալովի խոսքերով՝ ադրբեջանցի իրավապաշտպանները տարբեր թվեր են բերում քաղբանտարկյալների թվաքանակի մասին, սակայն մոտավոր թվաքանակը 140-ն է, որոնցից մոտ 100-ը իսլամականներ են: Նրանցից շատերը մեղադրվում են աշխարհիկ կառավարումը շարիաթական կառավարմամբ փոխելու մեջ.
«Քաղբանտարկյալների մի մասը մեղադրվում են բռնությունների կոչերով խտասկավառակներ տարածելու մեջ: Եվ չնայած նրան, որ այդ մարդիկ ոչինչ չեն արել, նրանց կալանավորել են իրենց պլանների համար: Եվրոպան նրանց չի ճանաչում որպես քաղբանտարկյալ»: