Բաժիններ՝

«Google-ում աշխատող հայերը կարծես Հայաստանի դեսպանները լինեն». Դիվոն Լան

«Google-ը ինտերնետային ընկերություն է, իսկ դրա ծառայություններն ինտերնետի միջոցով հասանելի են բոլորին`անկախ նրանց գտնվելու վայրից: Այսինքն` որևէ երկրում ընկերության գրասենյակի բացակայությունը չի խանգարում, որպեսզի տվյալ երկրի բնակիչներն օգտվեն  մեր ծառայություններից: Հենց դա է պատճառը, որ չեմ կարծում, թե հաջորդ տարի մենք գրասենյակ կբացենք Հայաստանում, որովհետև մենք կարողանում ենք Հայաստանին ծառայություններ մատուցել մեր գլոբալ գրասենյակներից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Google ընկերության Next Wave Emerging Countries թիմի ղեկավար Դիվոն Լանը:

«Մենք, իհարկե, ծրագրում ենք շատ գործեր կատարել Հայաստանում, բայց քանի որ ինտերնետային ընկերություն ենք, ուստի պարզապես կարիք չունենք դրա համար պարտադիր ֆիզիկական շինություն կամ գրասենյակ ունենալ այստեղ»,- ասաց Դ.Լանը:

Նրա խոսքով` թեև ընկերությունը բոլոր երկրներում գրասենյակներ չունի, սակայն Google-ում աշխատում են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, այդ թվում`հայեր: «Google-ում աշխատող հայերը կարծես Հայաստանի դեսպանները լինեն և միշտ փորձում են վստահ լինել, որ մենք իրականացնում ենք ծրագրեր, որոնք դրական են նաև Հայաստանի համար»,- ասաց Դ. Լանը: Նա նշում է, որ Google-ը յուրօրինակ ընկերություն է, և այն իր աշխատակիցներին հնարավորություն է տալիս իրենց աշխատաժամանակի 20%-ի ընթացքում անել մի բան, որն իրենց հիմնական աշխատանքը չէ, սակայն որոշակի առումով օգնում է Google-ին:

«Այսինքն`ընկերության աշխատակիցներն ազատ են իրենց ընտրության գործում և կարող են այդ ժամանակահատվածում զբաղվել այն աշխատանքով, ինչով իրենք են ցանկանում»,- ասաց Դ. Լանը` նշելով, որ  Google-ում աշխատող հայերն իրենց ժամանակի այդ 20%-ն օգտագործում են այնպիսի  աշխատանքների համար, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանին:

Նա դրականորեն խոսեց նաև Հայաստանում գործող Google developer group-ի մասին` նշելով, որ վերջիններս բավական նախաձեռնող են, սակայն դեռ շատ գործ ունեն կատարելու, որպեսզի Google-ի ծառայություններն ու գործիքները մատչելի լինեն հայ հասարակության համար` անկախ բնակչության բնակեցման վայրից:

Google ընկերության Next Wave Emerging Countries թիմի ղեկավար Դիվոն Լանի հետ մեր ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ»  թերթի առաջիկա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս