Երևանի առաջին ատյանի որ դատավորներն ավելի շատ գումար ունեն
Երևանի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների ամենաշատ դրամական միջոցներ ունեցող դատավորը Արտակ Զախարյանն է: Նա ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որդին է: Ա. Զախարյանը 2008թ. ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Նրա կողմից լրացված և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն` 2012թ. տարեսկզբին նա ունեցել է 412 մլն դրամ, 200.000 դոլար, 200.000 եվրո: Տարեվերջին նրա դրամական միջոցներն ավելացել են՝ դառնալով 504 մլն դրամ: Դոլարով և եվրոյով նրա ունեցած դրամական միջոցները չեն փոխվել: Մենք ուսումնասիրել ենք Երևանի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների 57 դատավորների կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում նշված դրամական միջոցների չափը:
Ա. Զախարյանին հաջորդում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի երիտասարդ դատավոր Արայիկ Մելքումյանը: Նա հայտարարագրել է 80 մլն դրամ, ինչպես նաև 120.000 դոլար, որոնք տարեվերջին անփոփոխ են մնացել: Վերոնշյալ դատարանում Ա. Մելքումյանն աշխատում է 2008-ից:
Իր դրամական միջոցներով աչքի է ընկնում նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատավոր Արմեն Խաչատրյանը: Ըստ նրա հայտարարագրի՝ 2012թ. տարեսկզբին և տարեվերջին նրա դրամական միջոցների չափը գրեթե չի փոխվել: Տարեսկզբին նա ունեցել է 54 մլն դրամ և 100.000 դոլար, իսկ տարեվերջին՝ 53 մլն դրամ և 100.000 դոլար:
Զախարյանին և Մելքումյանին իր դրամական միջոցներով չի զիջում նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանը. 2012թ. տարեվերջին նա ունեցել է 52 մլն դրամ և 64.000 դոլար:
Որքան են հայտարարագրել դատարանների նախագահները
Երևանի դատարանների նախագահներից ամենաշատ դրամական միջոցներն ունի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: 2012թ. տարեվերջին նա ունեցել է 52 մլն դրամ, ինչպես նաև` 64.000 դոլար: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի նախագահ Արմեն Դանիելյանի հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները տարեվերջին բավական նվազել են: Այսպես. նա հայտարարագրել է 35 մլն դրամ, 280.000 դոլար և 150.000 եվրո: Տարեվերջին այս գումարները կրճատվել են՝ դառնալով 15 մլն դրամ, 245.000 դոլար և 150.000 եվրո:
ՀՀ գլխավոր դատախազի հայր, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանը 2012թ. տարեվերջին ունեցել է 33 մլն դրամ և 20.000 դոլար: Դատավոր Տիգրան Պետրոսյանը, ով 1999թ. զբաղեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը, տարեվերջին ունեցել է 20 մլն դրամ, ինչպես նաև` 10.000 դոլար:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանի դրամական միջոցները զգալիորեն աճել են: Նրա ներկայացրած 2012թ. հայտարարագրի համաձայն՝ տարեսկզբին նա ունեցել է 500.000 դրամ և 40.000 դոլար: Տարեվերջին նա ունեցել է 3 մլն 500.000 դրամ և 40.000 դոլար:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարագրի համաձայն՝ տարեսկզբում և տարեվերջում նրա դրամական միջոցները կազմել են 15 մլն դրամ, ինչպես նաև 105.000 եվրո: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահը հայտարարագրել է նաև 45 մլն 780.015 դրամ արժողությամբ բնակարան և 27 մլն 671.490 դրամ արժողությամբ ամառանոց՝ որպես նվիրատվություն: Դատարանի նախագահի պաշտոնում Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է 2010թ. հունիսին:
2004-ից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը 2012-ի տարեսկզբին ունեցել է 2 մլն 500.000 դրամ, իսկ տարեվերջինգ 1 մլն 800.000 դրամ: Հիշեցնենք, որ նա «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավորն էր:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի Գայանե Կարախանյանի ներկայացրած 2012թ. հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 6 մլն 300.000 դրամ, իսկ տարեվերջին աճել են՝ դառնալով 7 մլն դրամ: Նույն դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի հայտարարագրում նշված է միայն նրա տարեվերջի դրամական միջոցների չափը՝ 20 մլն դրամ: Դատավոր Էդիկ Ավետիսյանի դրամական միջողները տարեսկզբին կազմել են 11 մլն դրամ: Տարեվերջին նրա դրամական միջոցները պակասել են 1 մլն դրամով:
Է.Ավետիսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում աշխատում է 2009-ի փետրվարից: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը 2012թ. իր հայտարարագրում նշել է, որ տարեսկզբին իր դրամական միջոցները կազմել են 7 մլն դրամ, իսկ տարեվերջին այն աճել է՝ կազմելով 8 մլն 500.000 դրամ: Դատավորը տարեվերջին ունեցել է նաև 7000 դոլար:
Ռուբեն Ափինյանի դրամական միջոցները 2012թ. սկզբին կազմել են 10 մլն դրամ: Տարեվերջին դատավորի դրամական միջոցները կրճատվել են՝ հասնելով 8 մլն-ի:
Դատավոր Սամվել Թադևոսյանը 2012թ. տարեսկզբին ունեցել է 54 մլն դրամ դրամ, իսկ տարեվերջին՝ 44 մլն դրամ: 2009-ից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում աշխատող Մնացական Մարտիրոսյանը հայտարարագրել է 4 մլն դրամ, 17.000 դոլար, ինչպես նաև 3950 եվրո, որոնք տարվա վերջում անփոփոխ են մնացել: Դատավոր Գագիկ Խանդանյանի հայտարարագիրն այդպես էլ հնարավոր չեղավ դիտել ethics.am կայքում:
Որ դատավորներն են ավելացրել իրենց դրամական միջոցները
Ըստ հայտարարագրերի՝ իրենց դրամական միջոցները տարեվերջին ավելացրել են հետևյալ դատավորները: 2009-ից Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Գայանե Մազմանյանը 2012թ. տարեսկզբին ունեցել է 8 մլն դրամ, որը տարեվերջին ավելացել է և դարձել 15 մլն դրամ: 2006-ից Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Արա Կուբանյանը 2012թ. սկզբին ունեցել է 1 մլն 500.000 դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլն 800.000 դրամ, ինչպես նաև 6000 դոլար:
2006-ից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչյա Հովհաննիսյանը 2012թ. տարեսկզբին ունեցել է 2 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 3 մլն դրամ: Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյանը ևս զգալիորեն մեծացրել է իր դրամական միջոցները: Ըստ նրա հայտարարագրի՝ տարեսկզբին նա ունեցել է 19 մլն 660.000 դրամ և 77.000 դոլար:
Տարեվերջին նրա` դոլարով ունեցած միջոցները մնացել են նույնը, իսկ դրամական միջոցները հասել են 28 մլն 200.000 դրամի: Դատավոր Լևոն Ավետիսյանն ավելացրել է իր դրամական միջոցները: Այսպես՝ տարեսկզբին նա հայտարարագրել է 14 մլն 800.000 դրամ և 24.800 դոլար: Տարեվերջին նրա գումարները կազմել են 14 մլն 800.000 դրամ և 30.000 դոլար:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի դատավոր Գարիկ Ավագյանը, ըստ իր հայտարարագրի, տարեսկզբին ունեցել է 14 մլն 100.000 դրամ և 11.600 դոլար: Տարեվերջին նրա դրամական միջոնցները կազմել են 15 մլն դրամ և 12.500 դոլար: 2011-ից նույն դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը զգալիորեն ավելացրել է իր դրամական միջոցները: 2012թ. տարեսկզբին նա ունեցել է 20 մլն 500.000, իսկ տարեվերջին՝ 27 մլն դրամ:
Մի խումբ դատավորների դրամական միջոցները տարեսկզբին և տարեվերջին մնացել են նույնը: Այսպես, 2011-ից Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Արմեն Չիչոյանը 2012թ. թե տարեսզբին, թե տարեվերջին ունեցել է 18 մլն դրամ, ինչպես նաև 45.000 դոլար: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը 2012թ. տարեսկզբին և տարեվերջին, ըստ իր հայտարարագրի, ունեցել է 10 մլն դրամ և 55.000 դոլար: Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Արթուր Սմբատյանի դրամական միջոցները ևս անփոփոխ են մնացել: 2012թ. տարեսկզբին և տարեվերջին նա ունեցել է 25 մլն դրամ:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանի 2012թ. հայտարարագրի համաձայն՝ տարեսկզբի և տարեվերջի նրա դրամական միջոցները չեն փոխվել: Նա հայտարարագրել է 15 մլն դրամ, 35.000 դոլար, 50.000 եվրո, ինչպես նաև 5011 Խորհրդային Միության ռուբլի: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում աշխատող Նաիրա Մարգարյանը 2012թ. տարեսկզբին և տարեվերջին ունեցել է 7 մլն դրամ: Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը ինչպես տարեսկզբին, այնպես էլ տարեվերջին ունեցել է 8 մլն դրամ: Նա Շենգավիթի դատարանում աշխատում է 1999 թվականից:
Դատավոր Արմեն Խաչատրյանը տարեսկզբին և տարեվերջին ունեցել է գրեթե նույն գումարը: Ըստ նրա 2012թ. հայտարարագրի՝ նա տարեվերջին ունեցել է 53 մլն դրամ և 100.000 դոլար:
Որ դատավորներն են պակասեցրել իրենց դրամական միջոցները
Երևանի տարբեր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների դատավորների մի մասի դրամական միջոցները 2012թ. տարեսկզբին նվազել են: 2006-ից Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր վարչական շրջանի դատավոր Վարդան Գրիգորյանը տարեսկզբին ունեցել է 15 մլն դրամ, ինչպես նաև 10.000 դոլար: տարեվերջին նրա գումարները պակասել են՝ համապատասխանաբար կազմելով 5 մլն դրամ և 6000 դոլար:
2009-ից նույն դատարանում աշխատող դատավոր Վլադիմիր Գրիգորյանը 2012թ. տարեսկզբին ունեցել է 60 մլն 500.000 դրամ, որը տարեվերջին նվազել է և հասել 36 մլն դրամի: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում որպես դատավոր աշխատող Էդուարդ Ամալյանը 2012թ. տարեսկզբին ավելի շատ դրամական միջոցներ է ունեցել, քան տարեվերջին: Այսպես, տարեսկզբին նա, ըստ իր հայտարարագրի, ունեցել է 11 մլն 500.000, իսկ տարեվերջինգ 11 մլն դրամ, համապատասխանաբար` 22.000 և 20.000 դոլար: Նույն դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը 2012թ. տարեվերջին պակասեցրել է իր դրամական միջոցները:
Տարեսկզբին նա ունեցել է 100 մլն, իսկ տարեվերջինգ 15 մլն դրամ, ինչպես նաև` 220.000 դոլար: Դատավոր Արթուր Մկրտչյանի 2012թ. հայտարարագրից ևս երևում է, որ նա ծախսել է իր դրամական միջոցները: Տարեսկզբին նա ունեցել է 3 մլն 700.000 դրամ, իսկ տարեվերջին՝ 2 մլն 250.000 դրամ:
ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի որդին՝ Դավիթ Բալայանը, ով 2005-ից նշանակվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր, 2012թ. հայտարարագրի համաձայն՝ ծախսել է իր դրամական միջոցների մի մասը: Տարեսկզբին, ըստ հայտարարգրի, նա ունեցել է 7 մլն 800.000 դրամ, իսկ տարեվերջին՝ 5 մլն 500.000 դրամ:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալվարդ Հունանյանը տարեսկզբին հայտարարագրել է 3 մլն 820.000 դրամ: Տարեվերջին նրա դրամական միջոցները հասել են 2 մլն 100.000 դրամի և 10.000 դոլարի:
Դատավոր Գայանե Խաչատրյանը 2011-ից աշխատում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Տարեվերջին նա ունեցել է 12 մլն դրամ, ինչպես նաև 25.000 դոլար: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը 2012թ. վերջին ունեցել է 6 մլն դրամ, 12.000 դոլար, ինչպես նաև 54.000 Խորհրդային միության ռուբլի: Դատավոր Նելլի Բաղդասարյանը հայտարարագրել է 9 մլն դրամ, 20.000 դոլար, ինչպես նաև 10.000 եվրո:
2011թ. հոկտեմբերի 31-ին նա նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Ասլանյանը 2012թ. հայտարարագրում նշել է, որ ունի 12 մլն դրամ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանը 2012թ. ունեցել է 5 մլն դրամ, ինչպես նաև 30.000 դոլար: Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աիդա Դավթյանը 2012թ. հայտարարագրել է 4 մլն դրամ: Դատավոր Կարեն Ֆորխոյանը տարեվերջին ունեցել է 8 մլն դրամ:
Նա 2001թ. առ այսօր աշխատում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: 2010-ից Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում աշխատող Արթուր Մկրտչյանը 2012թ. տարեվերջին ունեցել է 1 մլն 200.000 դրամ: Նույն դաարանի դատավոր Արթուր Մկրտչյանը հայտարարագրել է 1 մլն 200.000 դրամ:
Ովքեր փող չունեն
Երևանի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում աշխատող մի խումբ դատավորներ իրենց հայտարարգրերում նշել են, որ դրամական միջոցներ չեն ունեցել: Ըստ նրանց՝ 2012 թ. իրենք եկամուտ են ստացել իրենց աշխատավարձից: Այսպես, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի Դատավոր Ալեքսեյ Սուքոյանն, ըստ իր հայտարարագրի, 2012թ. ունեցել է 0 դրամ: Նշենք, որ նա որպես եկամուտ` հայտարարագրել է 7.263.020.31 դրամ` որպես աշխատավարձ:
Դրամական միջոցներ չեն հայտարարել նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը, 1999-ից Շենգավիթ վարչական շրջանում աշխատող Նաիրա Հովսեփյանը, դատավոր Լիլիթ Կատվալյանը, ով 2009-ից աշխատում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:
Դատավորների հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ դրամական միջոներ չունեցող դատավորներից շատերն աշխատում են Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ըստ 2012թ. լրացված հայտարարագրերի՝ դրամական միջոցներ չեն ունեցել դատավոր Արմենուհի Բադիրյանը, 2007-ից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատավոր Արսեն Բաբայանը, Արշակ Պետրոսյանը, Արմեն Վարդապետյանը:
Ուշագրավ է, որ Երևանի վարչական տարբեր շրջանների դատարաններում աշխատող երկու դատավոր՝ Ալեքսեյ Ազարյան և Մարգարիտա Հարթենյանն, եվրոյով դրամական միջոցներ են հայտարարագրել:
Հ.Գ. Մյուս դատարանների դատավորների դրամական միջոցներին կանդրադառնանք առաջիկայում: