«Հայազն» կուսակցությունը խիստ հրատապ է համարում երկրում ապօրինաբար իշխող ապազգային վարչախմբի հեռացումը
«Հայազն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Հայաստանի ինքնիշխանությունը մերթ Բրյուսելին, մերթ Մոսկվային զոհաբերող, ժողովրդին թալանող, նրա հարստությունը վատնող և օտարող, իր նյութապաշտությամբ և օտարամոլությամբ սեփական երկիրը թուլացնող, ազգային նորանոր սպառնալիքների պատճառ հանդիսացող անօրինական վարչախումբը և նրա ղեկավար Սերժ Սարգսյանը ենթակա են անհետաձգելի իշխանազրկման:
Դրա փոխարեն ժողովրդի վստահությունը վայելող, ազգային նպատակներում հաստատակամ և վճռական կառավարության ձևավորումը «Հայազն» կուսակցության հիմնական և առաջնահերթ նպատակներից է: «Հայազնը» երբեք չի շեղվել ազգային ինքնիշխանության գերակայության, երկրի ինքնիշխանությունը սահմանափակող որևէ վերպետական կազմավորմանը չանդամակցելու իր սկզբունքային ծրագրային դիրքորոշումից: Դեկտեմբերի 2-ին «Հայազնի» բազմաթիվ անդամներ մասնակցել են, Հայաստանի խորհրդայնացման տարեդարձի օրը, հանուն Հայաստանի ինքնիշխանության, մասնավորապես` Եվրասիական համագործակցությանը և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ կազմակերպված ցույցին:
Օտար և տեղական լրատվամիջոցների առանձին մեկնաբանությունները, թե իբր ցույցի մասնակիցները կողմ էին եվրոպական ինտեգրացիային և դեմ Սերժ Սարգսյանի հրաժարականին, որ այն կազմակերպված էր բացառապես Պուտինի դեմ` արևմտյան կամ իշխանական դրդմամբ` իրականությանը չեն համապատասխանում: Եվս մեկ անգամ հաստատում ենք, որ «Հայազն» կուսակցությունը ազգային ինքնիշխանության համար նույնքան վտանգավոր է համարում, կտրականապես և «մաքսայինին» հավասար մերժում է Եվրամիության հետ ասոցացվելը: Ինչպես նաև, «Հայազն» կուսակցությունը խիստ հրատապ է համարում երկրում ապօրինաբար իշխող ապազգային վարչախմբի հեռացումը»:
«Հայազն» կուսակցության վարչություն
5 դեկտեմբերի 2013թ.