Ռուսաստանն Ուկրաինայի համար գազի գինը զեղչելու հետևանքով կորցրել է մոտ 10 միլիարդ դոլար. Պուտին
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իտալիայում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի համար գազի գինը 100 դոլարով նվազեցնելու պատճառով կորցրել է մոտ 10 միլիարդ դոլար:
Պուտինը հիշեցրել է, որ ռուսական բանկերը Կիևին վարկեր են տրամադրում՝ վառելիքի մատակարարման դիմաց վճարումներ կատարելու համար: Պուտինի խոսքերով՝ Ուկրաինան Ռուսաստանի ֆինանսական կազմակերպություններին պարտք է մոտ 20 միլիարդ դոլար և 280 միլիարդ ռուբլի:
Պուտինը նաև ընդգծել է, որ Մոսկվան ու Կիևը չեն քննարկել մինչև 2019 թվականը ժամկետով կնքված գազային պայմանագրի վերանայման հարցը: Նոյեմբերի 24-ին Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը տեղական հեռուստատեսության եթերում հայտարարել էր, որ Ռուսաստանը համաձայնվել է վերանայել գազային պայմանագիրը:
Ավելի ուշ ռուսական «Գազպրոմը» հերքեց դա, իսկ ինքը՝ Ազարովը, հայտարարեց, որ համաձայնագրի փոփոխման հարցում չկա հստակ պայմանավորվածություն: Սեպտեմբերի վերջին «Գազպրոմը» Ուկրաինայի համար զեղչել էր գազի գինը և սկսել էր հազար խորանարդ մետր գազը վաճառել 260 դոլարով, մինչդեռ չորրորդ եռամսյակում դրա գինը կազմում է 410 դոլար:
Տվյալ պայմանագրով «Գազպրոմի» կորուստները պետք է կազմեն մոտ 700 միլիոն դոլար: Պուտինի հիշատակած 100 դոլարանոց զեղչն Ուկրաինան ստացել է Ղրիմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի բազավորման մասին համաձայնագրի երկարաձգման համար: