Ընդդիմությունն էլ է մեղավոր Հայաստանի՝ նոր ԽՍՀՄ-ի մաս դառնալու համար
Ուկրաինայի իշխանությունները որոշեցին դադարեցնել եվրոինտեգրացիայի քաղաքականությունը, որին ընդդիմությունը միանգամից արձագանքեց բողոքի բազմահազարանոց ակցիաներով ու պահանջելով կառավարության հրաժարականը: Ընդդիմության առաջնորդները կոչ են անում իշխանությանը` «չդավաճանել երկրի ազգային շահերին», այլապես սպառնալով եվրահեղափոխություն անել` այդ նպատակով եվրոմայդանում հավաքելով մի քանի հազար կողմնակիցների:
Ինչո՞ւ նույնը տեղի չունեցավ Հայաստանում, ինչո՞ւ Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո Հայաստանի եվրոինտեգրացիայի կողմնակիցները չհայտարարեցին եվրոհեղափոխություն սկսելու մտադրության մասին, իրենց կողմնակիցներին կոչ անելով դուրս գալ փողոց:
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը միշտ հանդես է եկել հօգուտ Հայաստանի եվրաատլանտյան կողմնորոշման: Մեր հարցազրույցը նրա հետ Հայաստանում և Ուկրաինայում ընդդիմության վարքագծի տարբերության մասին է:
– Տեսնելով, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, բնական հարց է ծագում, թե ինչո՞ւ է այս աստիճան պասիվ հայաստանյան ընդդիմությունը:
-Ես կոռեկտ չեմ համարում, Ուկրաինայի և Հայաստանի համեմատությունը, քանի որ դեռևս խորհրդային տարիներին Ուկրաինայի հասարակության մեջ եղել է մի մեծ շերտ, որը հանդես է եկել հօգուտ Ուկրաինայի անկախության, Ռուսաստանից անջատ գոյության: Այնպես որ, յուրաքանչյուր երկրի հասարակությունն է որոշում, թե որ ուղղությամբ պետք է շարժվի իր երկիրը, որ ինտեգրացիոն համակարգում պետք է լինի: Այդ առումով ես շատ եմ ցավում, որ Հայաստանում տեղի չունեցավ այն, ինչ Ուկրաինայում, քանի որ ես մշտապես հանդես եմ եկել` հօգուտ Հայաստանի եվրոինտեգրացիայի, նշելով Ռուսաստանի հետ ինտեգրացիայից բխող վտանգները:
Դեռևս 2008-09 թվականներին եմ ես ասել, որ Ռուսաստանի հետ ինտեգրացիան տանելու է նրան, որ Հայաստանի իշխանությունը նշանակվելու է Ռուսաստանից, Հայաստանի տնտեսական շահերը ստորադասվելու են ռուսականին: Բայց մեր ժողովուրդն այլ պատկերացումներ ունի` թե՛ Ռուսաստանում արտագնա աշխատանքի հետ կապված, թե՛ իշխանության քարոզչության արդյունքում ձևավորված անվտանգության խնդիրների առումով: Այդ քարոզչության արդյունքում Հայաստանում ձևավորվել է մի հասարակություն, որը ճիշտ է համարում Հայաստանի ինտեգրացիան Ռուսաստանի հետ, և իշխանության եվրոինտեգրացիայից հրաժարվելը ոչ թե ընդվզում, այլ բավարարություն է պատճառում հասարակությանը:
Եթե Հայաստանում լիներ ընտրված իշխանություն, որն իր ունեցած քարոզչական ռեսուրսն օգտագործեր և հասարակությանը բացատրեր, որ կարելի է ապավինել սեփական ուժերին, որ հայ ժողովուրդը հաջողություն է ունեցել միայն այն ժամանակ, երբ հույսը դրել է ինքն իր վրա, ներկայացներ պատմական փորձն Ավարայրից ինչև Սարդարապատ և Ղարաբաղյան պատերազմ, հայ հասարակությունը բոլորովին այլ հոգեբանություն կունենար, և բոլորովին այլ կերպ կմոտանար խնդիրներին:
– Դուք խոսում եք իշխանության մեղքերի մասին, իսկ արդյոք ստեղծված իրավիճակի համար ընդդիմությունը չունի՞ մեղքի իր բաժինը:
– Այն կուսակցությունները, որոնք իրենց քարոզչությունը տարել են հօգուտ եվրոինտեգրացիայի, միշտ լուրջ խնդիրներ են ունեցել: Այդ կուսակցությունները անընդհատ պառակտվել են, քանի որ նրանց դեմ աշխատել է ոչ միայն Հայաստանի իշխանությունը, որպես ընդդիմություն, այլ շատ ավելի զորեղ համակարգ, որի կենտրոնը եղել է Մոսկվայում:
Մոսկվան իրեն ենթակա հայաստանյան կուսակցությունների գործունեության համար լայն պայմաններ է ստեղծել, այդ թվում՝ իշխանությունների հետ հարաբերվելու առումով, իսկ մեր տիպի կուսակցություններին պառակտել են` մեր ներսում ներդնելով կամ գտնելով մարդկանց, որոնք դուրս գալով կուսակցությունից` թուլացրել են այն: Բայց անկախ այս ամենից` ես ընդունում եմ, որ, այո, ընդդիմությունն էլ մեղքի իր բաժինն ունի, որ Հայաստանը դառնում է նոր Խորհրդային Միության մի մաս:
– Մեղքն այն է, որ ընդդիմությունը չի կարողանում դիմադրել այդ պրոցեսին:
– Այո, ընդդիմությունը չի կարողանում համարժեք դիմադրություն կազմակերպել և խոչընդոտել իշխանության այդ նպատակների իրականացմանը: Ընդդիմությունն ինքն էլ իշխանություն է. իշխանություն է մարդկանց հոգիներում, սրտում: Եթե դու ազնիվ ես քո մղումներում, ազնիվ ես հասարակության հետ, դու քո տեղը գտնում ես հասարակության մեջ: Բայց եթե ընդդիմությունն ասում և անում է նույն բանը, ինչ իշխանությունը, միայն այն տարբերությամբ, որ ինքը կուզենար լինել իշխանության փոխարեն, նա կորցնում է հասարակության վստահությունը, նա դադարում է իշխել հասարակության հոգիներում և կորցնում է իր ազդեցությունը: Դժբախտաբար, Հայաստանի ընդդիմությունը հիմա այդ վիճակում է:
– Դուք ասում եք, որ Ռուսաստանն աջակցում է իր հետ աշխատող կուսակցություններին: Շատերին թվում է, որ Եվրոպան էլ պետք է աջակցի այն ուժերին, ովքեր քարոզում են` հօգուտ Հայաստանի եվրոինտեգրացիայի, հատկապես սեպտեմբերի 3-ից հետո: Արդյոք կա՞ այդպիսի աջակցություն, և ինչո՞վ է այն արտահայտվում:
– Ընդհանրապես, շատ է ասվում, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի կամ Ուկրաինայի պարագայում, դրա մեջ մեղքի իր բաժինն ունի Եվրամիությունը, քանի որ կոնկրետ քայլեր չարվեց այդ երկրներին աջակցելու համար: Ես չեմ կիսում այդ մոտեցումը: Յուրաքանչյուր երկիր ունի ընտրություն. ընտրում է զարգացման արևմտյան մոդելը կամ տրվում է ռուսական պարտադրանքին: Ես կողմ եմ զարգացման եվրոպական մոդելն ընտրելուն և ռուսական պարտադրանքը մերժելուն, քանի որ բազմիցս եմ ասել, որ հենց եվրոպական մոդելը կարող է ապահովել հայ մարդու առավելագույն ինքնադրսևորմանը, որն իր հերթին` կբերի Հայաստանի, որպես պետության, զարգացմանը և հզորացմանը:
Միայն ազատության, մրցակցության և օրինականության դաշտում է, որ հայ մարդը կարող է արարել և ստեղծել արժեքներ, իսկ դա հնարավոր է միայն եվրոինտեգրացիայի պայմաններում: Իսկ ռուսական մոդելը հայ մարդուն զրկում է իր ինքնադրսևորման ազատությունից, Հայաստանը կորցնում է իր ինքնուրույնությունը և դառնում է Կալինինգրադի մարզ: Բազմիցս ասել եմ, որ Մաքսային միությունը Հայաստանի ինքնիշխանության համար լրջագույն վտանգ է. սկզբում գալու է լեզուն, հետո դրամը, հետո երևի կուսակցություններն էլ կմիավորվեն. ՀՀԿ-ականներն ամբողջ կուսակցությունով կմտնեն «Եդինայա Ռոսիա», մի քիչ ընդդիմադիրները՝ «Սպրավեդլիվայա Ռոսիա», ավելի շատ ընդդիմադիրները՝ ՌԼԴԿ:
Մեզ ասում են, որ մեր անվտանգությունը հիմա մեկ քայլ առաջ է լինելու. ո՞ւմ է պետք այդ անվտանգությունը, եթե մենք անկախ չենք, պարզ չի՞, որ ստրկատերը պետք է ավելի շատ մտահոգվի իր ստրուկի անվտանգությամբ:
– Կարելի՞ է ասել, որ, ի տարբերություն Ուկրաինայի` Հայաստանը համակերպվել է ռուսական պարտադրանքին:
– Բացարձակապես նման բան չի կարելի ասել. նման բան չկա: Ուղղակի կան պայքարի տարբեր միջոցներ: Մեկը այդ դատապարտվածության դեմ բողոքում է` միանգամից փողոց դուրս գալով, և փորձում է բռնի ուժով լուծել այդ խնդիրը: Ես որևէ դեմ բան չունեմ նման մարդկանց նկատմամբ:
– Նկատի ունեք Շանթ Հարությունյանի՞ն:
– Օրինակ, Շանթի արածի դեմ որևէ բան չունենալով, ես պայքարի այլ մոդելի կողմնակից եմ. պայքարի այնպիսի մեթողների, որոնք կբերեն իրական հաղթանակի: Իմ համար պայքարի օրինակելի տարբերակ է լեհ ժողովրդի պայքարը՝ հանուն իր անկախության` խորհրդային տարիներին: Լեհերն ունենալով ձևական անկախություն, իրականում կախված էին Ռուսաստանից, բայց նրանք ստեղծեցին դիմադրության շարժում, որը կոչվում էր «Սոպրոտիվլենիե», որը հետագայում ընդլայնվեց և վերաճեց «Սոլիդարնոստի», համերաշխության բոլոր լեհերի մեջ անկախության հարցում:
Ես կողմնակից եմ հենց այդպիսի համակարգային պայքարի և ոչ թե փողոց դուրս գալու և Պուտինի դեմ ինչ-որ ակցիաներ կազմակերպելուն: Ես ընդհանրապես դեմ եմ այլ երկրների ղեկավարների դեմ պայքարելուն, նրանց առաջ պահանջներ դնելուն: Մենք պետք է պայքարենք մեր իշխանության դեմ, մեր պահանջները պետք է ուղղված լինեն Հայաստանի իշխանությանը: Բայց Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանող ուժերին համախմբելը բավական դժվար գործ է, քանի որ, ի տարբերություն մյուս թևի, որն ունի նյութական հնարավորություններ, Ռուսաստանի աջակցությունը, այս կողմում մարդիկ են, ովքեր անընդհատ պայքարել են, և այդ պայքարի ընթացքում կորցրել են իրենց նյութական կարողությունները, բիզնեսը և աշխատանքը: Դրա համար եմ ասում, որ մենք հիմա պետք է ավելի գրագետ գործենք, ընտրենք պայքարի այն ուղիները, որոնք մեզ կապահովեն միայն հաղթանակ: