
«Թրամփի ուղու» հետ կապված անհասկանալի պահեր կային, երկկողմ զրույցների ընթացքում դրանք վերացան. Սոբհանի
Վաշինգտոնյան փաստաթղթերում կան անհասկանալի պահեր, որոնք դեռ չեն քննարկվել։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Կային անհասկանալի պահեր, սակայն երկկողմ հանդիպումների և շփումների ընթացքում այդ անհասկանալի պահերը վերացել են։ Կան որոշ անհասականալի պահեր, որոնց շուրջ քննարկումներ դեռ տեղի չեն ունեցել»,- ասաց դեսպանը։
Նա միաժամանակ հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը բազմիցս հստակ հայտարարել է, որ որևէ քայլ չի ձեռնարկի, որը չի բխի 2 երկրների շահերից։
Դեսպանն ընդգծեց, որ Իրանը միշտ աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում հռչակված են 5 սկզբունքներ՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անձեռնմխելիություն։ Դեսպանի խոսքով՝ ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծում խոսվում է այս սկզբունքներից հատկապես մեկի մասին՝ փոխադարձություն։
«Եթե հարցը դիտարկենք փոխադարձության սկզբունքի հիման վրա, որ Նախիջևանը կարող է կապ հաստատել Ադրբեջանի հետ, ապա փոխադարձաբար Հայաստանը կարող է Երասխի և Ջուլֆայի միջոցով կապ հաստատել Իրանի հետ։ Եթե Ադրբեջանի քաղաքացիները կարող են Հայաստանի տարածքով ցամաքային ճանապարհով հասնել Նախիջևան, նույն իրողությունը պետք է ՀՀ քաղաքացիների համար լինի՝ Հայաստանի քաղաքացին կարողանա Նախիջևանի միջոցով Իրան գնա»,- ասաց դեսպանը՝ շեշտելով, որ եթե բոլոր երկրները կարողանան օգտվել այդ տրանսպորտային հնարավորություններից, դա կբխի բոլորի շահերից։
Դեսպանի խոսքով՝ ռիսկեր կլինեն այն ժամանակ, երբ այդ ճանապարհից ոչ բոլորը կարողանան օգտվել։
Սոբհանիի խոսքով՝ վաշինգտոնյան պայմանավորվածություններում իրանական կողմի համար անհասկանալին «ճանապարհի օպերատորի կողմից իրականացվող գործողություններն են»։
«Երբ ասում եմ՝ անհասկանալի պահեր կան, նկատի ունեմ, որ դեռևս մանրամասն ու հստակ չէ։ Խոսքս վերաբերում է այն քննարկումներին, որոնց արդյունքում պետք է համատեղ ընկերություն ստեղծվի, որը ներգրավելու է ներդրումներ։ Այստեղ դեռ հստակ չէ»,- ասաց նա՝ շեշտելով, որ երբ քննարկումների արդյունքում հստակություն լինի, հնարավոր կլինի գնահատական տալ։
Ըստ նր՝ խոսքն այն մասին չէ, թե դրանք պետք է բացասական լինեն, պարզապե կան հարցեր, որոնց պատասխանները դեռ չկան։