Բաժիններ՝

Եմենի մայրաքաղաքում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, վիրավորվել է 174 մարդ

Եմենի առողջապահության և շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ մայրաքաղաք Սանայի վրա իսրայելական հարձակման հետևանքով ​նախնական տվյալներով զոհերի թիվը հասել է 9-ի, այդ թվում՝ չորս երեխա և երկու կին, իսկ վիրավորների թիվը հասել է 174-ի, որոնց թվում 59-ը երեխաներ են և 35-ը՝ կանայք։

Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Նախարարությունը հայտարարել է, որ քաղաքացիական պաշտպանության և շտապօգնության խմբերը դեռևս իրականացնում են որոնողա-փրկարարական աշխատանքներ։

Իսրայելական ուժերը սեպտեմբերի 25-ին ավիահարվածներ են հասցրել մայրաքաղաք Սանային՝ թիրախավորելով քաղաքացիական և նշանավոր անձանց, բնակելի թաղամասեր և քաղաքացիական հաստատություններ։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի խոսքով՝ հարձակումները թիրախավորել են հութիների զենքի պահեստները և ռազմաբազաները։

Սանայի վրա հարվածները տեղի են ունեցել հութիների կողմից Իսրայելի Էյլաթ քաղաքը թիրախավորելուց մեկ օր անց։ Իսրայելի Ազգային շտապօգնության ծառայության տվյալներով՝ միջադեպի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ։

2023 թվականին Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից հետո հութիները Գազային աջակցելու կարգախոսի ներքո հրթիռային հարձակումներ են իրականացրել և շարունակում իրականացնել Իսրայելի ուղղությամբ, որն էլ իր հերթին հարձակումներ է իրականացնում Եմենի տարբեր շրջանների դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս