Բաժիններ՝

Նոյեմբերի 20-ը Բիձինա Իվանիշվիլիի համար վերջին օրն է Վրաստանի վարչապետի պաշտոնում

Грузия Online-ի փոխանցմամբ՝  այսօր Բիձինա Իվանիշվիլիի համար վերջին օրն է Վրաստանի վարչապետի պաշտոնում: Նա վարչապետի իր գործառույթները կդադարեցնի ժամեր անց, այն բանից հետո, ինչ երկրի խորհրդարանը վստահություն կհայտնի Իվանիշվիլիի իրավահաջորդ Իրակլի Գարիբաշվիլիի կառավարության կազմին:

Դրա հետ մեկտեղ հայտնի չէ, թե Բիձինա Իվանիշվիլին երբ հանդես կգա տվյալ կապակցությամբ հայտարարությամբ: Բիձինա Իվանիշվիլին պաշտոնապես քաղաքականությունից կհեռանա նոյեմբերի 24-ին՝ «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության համագումարից հետո:

Բիձինա Իվանիշվիլին քաղաքական արենա մուտք գործելու մասին հայտարարել էր 2011 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ընդգծելով, որ քաղաքականության մեջ մնալու է 2-3 տարի, և որ իր հիմնական նպատակը քաղաքական ասպարեզից Միխեիլ Սաակաշվիլիի ու նրա թիմի հեռացումն է:

Նշվում է, որ Վրաստանի խորհրդարանական փոքրամասնություն հանդիսացող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն այսօր աջակցություն չի հայտնելու նոր կառավարությանն ու նրա ծրագրին: Վրաստանի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին  երկրի վարչապետի պաշտոնում երկուշաբթի հավանության էր արժանացրել ներքին գործերի նախկին նախարար Իրակլի Գարիբաշվիլիի թեկնածությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս