Սարգսյանը վաճառեց մի համաձայնագիր, որը պետք է օգներ արդիականացնել և զարգացնել Հայաստանը
Մեր զրուցակիցն է Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի
(European Policy Centre) քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը
– Տիկին Փոլ, Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովին բավականին քիչ ժամանակ է մնացել: Ի՞նչ է սպասվում Հայաստանին այնտեղ:
– Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ, ցավոք, Հայաստանը չի ստորագրի կամ նախաստորագրի ոչ մի համաձայնագիր ԵՄ-ի հետ: Սակայն, կարծես, ծրագրվում է Հայաստանի հետ ստորագրել քաղաքական հայտարարություն կամ փոխըմբռնման հուշագիր: Բայց դա ընդամենը մի փոքր ավելին է, քան խորհրդանշական քայլը, որը Մոսկվային ցույց կտա, որ Հայաստանը շարունակելու է ԵՄ-ի հետ հարաբերությունները, նաև դա կլինի` որպես հայ հասարակությանն աջակցություն: Հուսով եմ, որ ՀՀ նախագահը սա չի օգտագործի` իր ժողովրդին ասելու, թե իր վարած «և-և»-ի քաղաքականությունը հաջողությամբ է պսակվել և արդյունքում` հավասարակշռված հարաբերություններ է հաստատել Մոսկվայի ու Բրյուսելի հետ:
Սեպտեմբերի 3-ի որոշումից հետո, բնականաբար, այլևս հասկանալի է, որ Մոսկվան Հայաստանի առջև կարմիր գույնով հստակ սահմանագիծ է գծել, և, եթե Երևանն առաջ գնա, հատի այդ սահմանը, ստորագրի Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրը, հետզհետե ավելի շատ կկլանվի Ռուսաստանի կողմից:
– Վիլնյուսյան գագաթաժողովից հետո ի՞նչ կփոխվի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում:
– Դեռևս լիովին պարզ չէ, թե ինչ տիպի փաստաթուղթ կստորագրի Հայաստանը ԵՄ-ի հետ, թեև դրա վերջնական արդյունքը համեմատելի չի լինի նրա հետ, ինչը կարող էր լինել, եթե Հայաստանը նախաստորագրեր և հետագայում ստորագրեր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրն ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը (DCFTA): Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերին հայտարարեց, որ չնայած ինքն ուզում է ԵՄ-ի հետ հարաբերությունները շարունակել, բայց դրանք չեն կարող ամփոփվել որևէ փաստաթղթում, որը կվտանգի Հայաստանի ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի և վերջինիս գլխավորած Մաքսային միության հետ ՀՀ հարաբերությունները:
Ինչևէ, ԵՄ-ն կշարունակի համագործակցել ՀՀ-ի հետ, քանի որ ցանկանում է աջակցել քաղաքացիական հասարակությանը, և կշարունակի պնդել քաղաքական ու տնտեսական բարեփոխումների հարցում: Հայաստանը դեռ ցանկանում է ստանալ ԵՄ ֆինանսական աջակցությունը և այլ օգնություն, սակայն դրա համար պետք է մի շարք ոլորտներում համապատասխանի ԵՄ չափանիշներին: Այսպիսով, ԵՄ-ն դեռ որոշակի լծակներ կունենա Երևանի վրա ազդելու համար:
– ԵՄ ներկայացուցիչները նշում էին ՀՀ-ի հանդեպ վստահության կորստի մասին: Ըստ Ձեզ՝ այս իրավիճակում ի՞նչ են ակնկալում եվրոպական երկրները Հայաստանից:
– ԵՄ-ն շատ հիասթափված և ցնցված էր Հայաստանի անսպասելի շրջադարձից, առավել ևս` Ասոցացման համաձայնագրի, նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի շուրջ ավելի քան 3 տարի շարունակված բանակցություններից հետո: Ընդ որում, որոշումն ընդունվել է առանց այլ քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության կամ հայ ժողովրդի հետ որևէ տեսակի խորհրդակցության: Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության հոդված 1-ը և 114-ը՝ նաև թվում է, որ նման անդամակցությունն արգելված է երկրի գլխավոր օրենքով, քանի որ այն լրջորեն սասանում է Հայաստանի ինքնիշխանությունը:
Փաստորեն, Սարգսյանը վաճառեց մի համաձայնագիր, որը պետք է օգներ արդիականացնել և զարգացնել Հայաստանը թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես, այն փոխարինելով մեկ այլ պայմանագրով, որը Հայաստանին շահավետ ոչինչ չի տա, փոխարենը` կմեծացնի Ռուսաստանի՝ արդեն զգալի ազդեցությունը ՀՀ-ում:
– Ձեր կարծիքով՝ արդյոք նոյեմբերին կստորագրվի՞ Ուկրաինայի հետ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը: Եթե ոչ, ապա դա ոչ միայն լուրջ ազդեցություն կունենա ԵՄ-Ուկրաինա հարաբերությունների վրա, այլ նաև դոմինոյի ազդեցություն կունենա Մոլդովայի և Վրաստանի վրա: Ո՞րն է Ձեր գնահատականը:
– Մինչ այժմ պարզ չէ՝ արդյո՞ք Ուկրաինան կստորագրի ԵՄ-ի հետ իր համաձայնագիրը Վիլնյուսում, քանի որ այն կապված է Յուլյա Տիմոշենկոյի գործի, երկրում առկա ընտրողական (սելեկտիվ) արդարադատության հետ ընդհանրապես, ինչպես նաև ժողովրդավարության մի շարք այլ կարևոր չափանիշների հետ: ԵՄ-ն բացահայտ հայտարարել է, որ եթե Տիմոշենկոն մնում է բանտում, ապա համաձայնագիրը չի ստորագրվի: Ուկրաինայի Ռադան այժմ նոր օրենք է մշակում, որը թույլ կտա տիկին Տիմոշենկոյին փոխադրել Գերմանիա՝ բուժման նպատակով: Եթե սա իրականացվի, դա, անշուշտ, պետք է բավարար լինի համաձայնագրի ստորագրումը երաշխավորելու համար:
Ակնհայտ է, որ եթե պայմանագիրն ի վերջո չստորագրվի, դա լուրջ հետևանքներ կունենա Ուկրաինայի, Եվրամիության և ընդհանուր առմամբ Արևելյան գործընկերության մյուս երկրների համար, քանի որ ԵՄ քաղաքականության տեսակետից Ուկրաինան առավել կարևոր երկիրն է: Մոլդովան փոքր ու խոցելի երկիր է, որն ուժեղ Ուկրաինայի կարիքն ունի տարածաշրջանային միության համար, ինչպես նաև` Ուկրաինան Մոլդովային կօգներ դիմակայել Ռուսաստանի ճնշմանը: Նույնը Վրաստանի դեպքում է, որն իրադարձությունների նման զարգացման դեպքում վերածվում է ժողովրդավարության միայնակ կղզյակի՝ հետզհետե ավելի շատ մասնատված և անկայուն Հարավային Կովկասում:
– Տիկին Փոլ, ԵՄ-ի գերակայությունն այսօր ո՞րն է՝ շարունակել Հարավային Կովկասում Հարևանության քաղաքականությունը, կենտրոնանալ սեփական խնդիրների վրա, ինչպիսիք են եվրոգոտու շարունակվող ճգնաժամը, 2014 թ.-ի մայիսին` Եվրախորհրդարանի ընտրությունները և ԵՄ նոր ղեկավարության պաշտոնի ստանձնելը:
– Պարզ է, որ 2014 թ.-ին ԵՄ-ն շարունակելու է լուծել իր ներքին խոհանոցի խնդիրները՝ եվրոգոտու ճգնաժամ, ԵՄ անդամ շատ երկրներում բարձր գործազրկություն, և այլն: Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք կարծես սահմանված են ծայրահեղ աջերի ավելի բարձր ներկայացվածություն ապահովելու համար, ինչպես նաև նոր Եվրահանձնաժողովն անպայման մեծ ջանքեր կպահանջեն ԵՄ-ից և կազդեն արտաքին քաղաքականության վրա: ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականությունը, այդ թվում և` Հարավային Կովկասում, դժվար է բնութագրել` որպես զանգվածային հաջողված պատմություն, հաշվի առնելով, որ ԱԳ-ն մեկնարկել է մոտ 10 տարի առաջ:
Այն ժամանակ, երբ ԵՄ-ն խորացրել է իր փոխգործակցությունը Հարավային Կովկասում, միայն Վրաստանը կարող էր բնութագրվել` որպես հարաբերական հաջողված պատմություն, և դա ավելի շատ կապված է եվրոատլանտյան իր ինտեգրումը զարգացնելու Վրաստանի ցանկության հետ, քան Վրաստանն ինտեգրելու ԵՄ-ի ցանկության: ԵՄ ընդլայնման հարցը ներկայումս օրակարգից դուրս է, միաժամանակ ԵՄ-ի ցանկությունն է պակասել՝ շոշափելի օգուտներ տրամադրելու, օրինակ՝ վիզայի ռեժիմի մեղմացում, որոշակի տնտեսական շուկաների բացում, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ներքին շուկայի վրա:
Ընդհանուր առմամբ, նրանց, ովքեր ցանկանում են եվրոպական ապագա ունենալ, անհրաժեշտ է շատ համբերություն և մեծ աշխատանք կատարել, դժվարին բարեփոխումներ իրականացնել, որպեսզի ԵՄ-ից նյութական արժեքներ ստանան, որը, հուսով ենք, կհանգեցնի ավելի խոր ինտեգրման և, Վրաստանի դեպքում՝ մի օր ԵՄ սեղանի շուրջ նստելու հնարավորության:
«168 ԺԱՄ»