Իլհամ Ալիևի թուրքական այցի ժամանակ կարող է քննարկվել «Գյումրի-Կարս» երկաթուղու վերաբացման հարցը. Hürriyet Daily News

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան կարող է դիտարկել «Գյումրի-Կարս» երկաթուղու աշխատանքների վերսկսման հնարավորությունը, եթե Երևանն ու Բաքուն առաջընթաց արձանագրեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին թերթին հայտնել են նրա դիվանագիտական աղբյուրները:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 12-ին մեկնելու է Թուրքիա: Աղբյուրների հաղորդմամբ՝ այցի ընթացքում օրակարգում են գտնվելու տարածաշրջանի խաղաղության ու կայունության հաստատման «ստեղծագործ գաղափարները»: Դրանցից մեկն առնչվում է Հայաստանի ու Թուրքիայի միջև երկաթուղու աշխատանքների վերսկսմանը, ինչը զուգահեռ կախված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի գրանցումից:

«Գյումրի-Կարս» երկաթուղու աշխատանքները դադարեցվել են 1993 թվականին, երբ Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երկաթուղու բացման հարցը արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի կողմից բարձրացվել է երկրի խորհրդարանի՝ արտաքին կապերի հանձնաժողովի նիստում: Նոյեմբերի 12-13-ին Անկարայում տեղի է ունենալու Թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի հերթական նիստը: ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնվել են հանդիպել են նոյեմբերին:

Այս տարվա մայիսի վերջին թուրքական մամուլը հայտնել էր, որ 44 տարի անց վերանորոգվում է Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանի Չաթաք գյուղի և Հայաստանին սահմանակից Աքյաքայա շրջանի միջև ընկած երկաթուղին, որի երկարությունը կազմում է 112 կիլոմետր:

Տեսանյութեր

Լրահոս