Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն նոյեմբերին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկամյա դադարից հետո կհանդիպեն նոյեմբերին: Այս մասին հայտարարել են տարածաշրջան այցելած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Ըստ ԵԱՀԿ մամուլի ծառայության՝ համանախագահների հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Բաքվում՝ նոյեմբերի 4-ին, և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ Երևանում՝ նոյեմբերի 5-ին, և քննարկել հակամարտության կարգավորման կարևորագույն հարցեր: Նախագահները համաձայնել են հանդիպել նոյեմբերին՝ հստակեցնելու դիրքորոշումները և որոշելու, թե ինչպես պետք է առաջ շարժվել:
Համանախագահները կշարունակեն աշխատանքը բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման, համաձայնությունների ձեռք բերման ուղղությամբ: Միջնորդները կողմերին կոչ են անում զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողություններում, այնպես էլ՝ հայտարարություններում: Ռազմական գործողություները, մասնավորապես՝ այս պահին, կարող են դիտվել միայն որպես խաղաղ գործընթացը խաթարող քայլ»: