Ո՞վ է պատրաստ բենզինի շիշ շպրտել նախագահականի վրա
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ցեղակրոն կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր կողմնակիցների հետ պատրաստվում է Ազատության հրապարակից երթ անցկացնել, որի մասնակիցները կրելու են Գայ Ֆոքսի դիմակը: Շանթ Հարությունյանը հոկտեմբերի 31-ից Ազատության հրապարակում է` «Ես սկսել եմ հեղափոխություն» պաստառով՝ խոստանալով 15-45 օրյա ժամկետում ավարտել իր կողմից սկսված հեղափոխությունը: Գայ Ֆոքսի դիմակներով երթն ինչ-որ չափով հուշում է, թե ինչ ճանապարհով է պատրաստվում իր հեղափոխությունն իրականացնել Շանթ Հարությունյանը:
Գայ Ֆոքսն անգլիացի ազնվական էր և այն խմբի մեջ էր, որը ցանկանում էր Անգլիայի պառլամենտի շենքը պայթեցնելու միջոցով սպանել Անգլիայի և Շոտլանդիայի Հակոբ 1-ին թագավորին՝ երկրում իրականացնելով իշխանափոխություն: Հեղաշրջման այս փորձը, որը հայտնի է` որպես «Վառոդային դավադրություն», տապալվեց, քանի որ դավադիրների պլանի մասին հայտնի դարձավ իշխանությանը, որը և կալանավորեց դավադրության կազմակերպիչներին: Գայ Ֆոքսը պետք է վառեր Անգլիայի խորհրդարանի նկուղում տեղադրված վառոդի տակառներին միացված պատրույգը, սակայն կալանավորվելուց հետո հենց նա հայտնեց բոլոր դավադիրների անունները: 1982թ. Ալեն Մուրը գրեց 10 մասից կազմված կոմիքսներ, որոնց հիման վրա նկարահանվեց «V նշանակում է վենդետա» ֆիլմը: Ֆիլմի հերոսն իրեն կոչում էր Պարոն V և կրում էր Գայ Ֆոքսի դիմակը:
Գայ Ֆոքսի օրինակով Պարոն V-ն որոշում է պայթեցնել Բրիտանիայի խորհրդարանի շենքը, վերջ դնել երկրում տիրող բռնակալությանը: Ֆիլմում ներկայացվում է ապագայի Բրիտանիան, որտեղ տիրում է ֆաշիստական ռեժիմ, որը վերացրել է բոլոր ազատություններն ու իրավունքները, մահվան է դատապարտում բոլոր տեսակի այլախոհներին և անհնազանդներին: Ի տարբերություն Գայ Ֆոքսի, Պարոն V-ին հաջողվում է սպանել բռնապետ կանցլերին և պայթեցնել խորհրդարանի շենքը: Գայ Ֆոքսի դիմակներ հագած քաղաքացիները, որ մինչ այդ վախենում էին հանդես գալ ռեժիմի դեմ, շնորհիվ Պարոն V-ի քարոզչության, Գայ Ֆոքսի դիմակներով դուրս են գալիս փողոց և լեգիտիմացնում են Պարոն V-ի իշխանափոխությունը: Բանակը, որ մինչ այդ հնազանդորեն կատարում էր իշխանության բոլոր հրահանգները` սպանելով այլախոհներին, չի կրակում փողոց դուրս եկածների վրա:
«V նշանակում է վենդետա» ֆիմի ցուցադրությունից հետո Գայ Ֆոքսի դիմակն ավելի հաճախ սկսեց օգտագործվել ռեժիմի դեմ պայքարող խմբերի և անհատների կողմից: Անոնիմուսներ-այսպես են իրենց կոչում այն խմբերը, ովքեր ամեն տարի նոյեմբերի 5-ին աշխարհի տարբեր երկրներում կազմակերպում են երթեր և ցույցեր՝ պահանջելով իրենց կառավարություններից` հարգել մարդու իրավունքները, վերջ տալ կոռուպցիային, հարգել քաղաքացու հիմնարար ազատությունները: Այսօր նման երթ տեղի է ունենալու նաև Հայաստանում, որը ղեկավարելու է Շանթ Հարությունյանը:
Ի տարբերություն մյուս Անոնիմուսների, Շ. Հարությունյանը չի պատրաստվում սահմանափակվել նոյեմբերի 5-ի երթով և մտադիր է շարունակել պայքարը ու Պարոն V-ի օրինակով հասնել իշխանափոխության: Նա խորհրդարանի շենքը պայթեցնելու փոխարեն` ցանկանում է պայթեցնել նախագահական նստավայրը՝ շենքի վրա նետելով վառվող բենզինի շշեր: Եվ դա պատրաստվում է անել այն օրը, երբ Հայաստան կգա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Շանթ Հարությունյանն իր շուրջն է հավաքում մարդկանց, ովքեր պատրաստ են իր հետ ու իր կոչով գնալ նախագահական նստավայր և բենզինի շշեր նետել շենքի վրա:
Բոլոր այն մարդկանց, ովքեր գալիս են նրա մոտ` Ազատության հրապարակ իրենց զորակցությունը հայտնելու, Շանթ Հարությունյանը հարցնում է՝ «Իսկ դու պատրա՞ստ ես նախագահական նստավայրի վրա բենզինի վառվող շիշ շպրտել», և միայն դրական պատասխան ստանալուց հետո է, որ ասում է.
«Ուրեմն մեզանից մեկն ես»:
Կարող է տրամաբանական հարց առաջանալ, թե ինչո՞ւ իշխանությունները մինչև հիմա չեն կալանավորել Շանթ Հարությունյանին և նրան քրեական մեղադրանք չեն ներկայացրել: Այն նույն մեղադրանքները, որ ներկայացնում էին Մարտի 1-ի կազմակերպիչների նկատմամբ. Սահմանադրական կարգը բռնի ուժով տապալելու կոչեր: Սա միանգամայն իրատեսական է. և իշխանությունը դրան չի գնում թերևս մի պատճառով, որ կալանավորելով Շանթ Հարությունյանին՝ իշխանությունը մտածում է, որ կլրջացնի նրա «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսը: Թերևս ամեն ինչ կախված է նաև այսօրվա երթի մասնակիցների թվից և նրանց գործողություններից. քանի՞ մարդ կհագնի Գայ Ֆոքսի դիմակը, և ինչպե՞ս իրենց կպահեն Գայ Ֆոքսի դիմակ հագածները:
Մյուս կողմից` Շանթ Հարությունյանը հավատում է, որ իրեն կալանավորելով` Վլադիմիր Պուտինը ցույց կտա, որ վախենում է իրենից: «Նա իրեն համարում է գերտերության ղեկավար. ինչպե՞ս կարող է գերտերության ղեկավարն ասել, մինչև Շանթ Հարությունյանը չկալանավորվի` ես Հայաստան չեմ գա»,- ասում է Շանթ Հարությունյանը: Շանթ Հարությունյանը վստահ է, որ նույն պատճառով բացառվում է իր նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու, իրեն սպանելու հնարավորությունը:
Շանթ Հարությունյանն իր սկսած հեղափոխությամբ ուզում է փորձության ենթարկել հայ ժողովրդին և հայ քաղաքական ուժերին: Մինչև հիմա ժողովուրդը բողոքել է, որ առաջնորդները վախեցել են վճռական գործողություններից, որ չեն գնացել մինչև վերջ, և հրապարակից տուն են ուղարկել: Այսինքն՝ բոլոր ձախողումների մեղքը հասարակությունը կարողացել է գցել իշխանափոխության կազմակերպիչների վրա: «Ես հայտարարել եմ, որ գնալու եմ մինչև վերջ. թող ինձ սպանեն` բենզինի շիշը ձեռքիս, բայց ես չեմ նահանջելու: Եթե իսկապես մինչև վերջ գնացողներ կան, թող գան այստեղ, որ հետո չբողոքեն, թե ինչու կազմակերպիչները կեսից դադարեցրեցին պայքարը, կամ Ազատության հրապարակում միտինգ անելուց բացի` ուրիշ բանի ընդունակ չեն»,- ասում է Հարությունյանը:
Շանթ Հարությունյանը համոզված է, որ իր պայքարով բացելու է քաղաքական ուժերի դիմագիծը. «Քաղաքական ուժերն էլ իմ պայքարից հետո չեն կարողանալու հայտարարել, թե իրենք պայքարում են ռեժիմի դեմ, որ ուզում են փոփոխություններ իրականացնել: Որովհետև յուրաքանչյուր մարդ, նույնիսկ նա, ում մտքին չկա միանալու պայքարին, ում ակտիվությունը սահմանափակվում է նարդի խաղալով, կարող է հարցնել եթե իսկապես դեմ եք ռեժիմին, եթե իսկապես պայքարում եք ռեժիմի դեմ, ինչո՞ւ չմիացաք Շանթին, նրա կողքին չէիք, թե՞ միտինգ անելը կամ ընդդիմություն ձևանալը ձեզ համար փեշակ եք դարձրել»:
«168 ԺԱՄ»