Այս տարի անվտանգության ոլորտում Ադրբեջանի կրած կորուստները կազմում են 76 մարդ. «Դոկտրինա»
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականին Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության ոլորտում կրած կորուստների քանակը կազմել է 76 մարդ: Այս մասին հայտնել է «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ 76 կորուստներից միայն 10-ն է հանդիսանում է մարտական կորուստ, մնացյալ 66-ը դասվում են ոչ մարտական կորուստների թվին: Բացի այդ, անհայտ պատճառներով մահացել է մեկ կուրսանտ:
9 մարդ մահացել է դժբախտ պատահարների հետևանքով (ջրախեղդ եղել, հոսանքահարվել, տանկի տակ ընկնել, բարձր տեղից ընկնել, այրվել), 14-ը՝ զոհվել է ավտովթարներում, 11-ը՝ հիվանդություններից, 6-ը՝ ոչ կանոնադրական հարաբերություններում, 3-ը՝ ուղղաթիռի կործանման հետևանքով, 3-ը՝ չպարզված հանգամանքներում, 2-ը՝ անզգուշության պատճառով, 2-ը սպանվել են քաղաքացիական անձանց կողմից, 16 մարդ ինքնասպանություն է գործել
Զոհվածներից 59-ը բաժին է ընկնում Պաշտպանության նախարարությանը, 9-ը՝ Ներքին զորքերին, 4-ը՝ Պետական սահմանի պահպանման ծառայությանը, 2-ը՝ ԱԻՆ-ին, 1-ը՝ Պետական պահպանման հատուկ ծառայությանը, 1-ը՝ Զորակոչի ու զորացրման պետական ծառայությանը: Միևնույն ժամանակ նոյեմբերի 1-ի դրությամբ վիրավորվել կամ մարմնական վնասվածքներ է ստացել 86 մարդ: