Որտե՞ղ է Էդվարդ Նալբանդյանը և պարունակո՞ւմ էր արդյոք Ասոցացման համաձայնագիրը սուվերենության կորստի վտանգ
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Զոհրապ Մնացականյանից հետարքրքվեց. «Պարոն Նալբանդյանին շատ դժվար է գտնել Հայաստանի տարածքում: Մեր բոլոր պատգամավորներին, ՀՀ քաղաքացիներին հուզում են հարցերի պատասխաններ, որոնք մենք այդպես էլ ԱԳՆ որևէ պաշտոնյայից չստացանք: Սերգեյ Գլազևը իր հարցազրույցում սկանդալային հայտարարություն էր արել, որ եթե Հայաստանը ստորագրեր Ասոցացման պայմանագիրը կորցնելու էր իր սուվերենությունը, դառալու էր ԵՄ կցորդ վագոնը: Բայց առայսօր նման պնդումներին որևէ մեկնաբանություն չեղավ: Մենք չենք պատկանում այն երջանիկների թվին, ովքեր տեսել են Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու փաստաթղթերը։ Կուզենայի Ձեզնից լսել նմանօրինակ հայտարարությունների մասին տեսակետ»:
Ի պատասխան Զոհրաբ Մնացականյանը նախ նշեց, թե Է. Նալբանդյանը գտնվում է Գերմանիայում և երկխոսության մեջ է գերմանացի գործընկերոջ հետ։ Ապա անդրադառնալով բուն հարցին՝ նշեց. «Ես չեմ ուզենա անդրադառնալ որոշ բաների, որոնք ինձ համար որոշ չափով վիրավորական են: Հայաստանը շատ լավ թիմով է աշխատել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցելիս: 34 մլն դրամը, որը ծախսվել է չորս տարիների ընթացքում բանակցությունների վրա, արտացոլում է այն թիվը մարդկանց, որոնք ներգրաված են եղել բանակցությունների մեջ: Եղել է մեծ թիվ, ներգրավվել են գերատեսչություններ, մասնագետներ, բանակցությունները անցել են պլենար, վիդեոկոնֆերանսների ձևաչափով, երբ ամեն մեկը նստած է իր մայրաքաղաքում: Ուրախ եմ և հպարտ, որ մեզ մոտ աշխատում են պատասխանատու մասնագետներ, ովքեր գիտակցում են բանակցության ողջ էությունը»:
Ինչ վերաբերում է սուվերենության կորստին, ապա ԱԳ փոխնախարարն ասաց. «Ասոցացման համաձայնագիրը պայմանագիր է երկու կողմերի միջև՝ Հայաստանի և Եվրամիության, երկու սուվերեն կողմերի միջև, որտեղ չի արտացոլվել որևէ կետ, որ Հայաստանը իր սովորենությունը հանձնում է՝ տալով Եվրամիությանը: Նման բան չկա: Հայաստանի պայմանագիը հստակ տարբերվել է մյուս պայմանագրերից, այն առումով, որ առավել զգայուն է եղել, հստակ է հաշվի է առել իր պարտավորությունները, որն ունի տարբեր ուղղություններով»:
Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, թե ինքը առաջին անգամ «տևական դեգերումներից հետո» այս հարցով սպառիչ պատասխան ստացավ: