Ամերիկայի առևտրի պալատը մտահոգություն է հայտնել նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման կապակցությամբ
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում (AmCham) այսօր հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանում նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման վերաբերյալ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում իրավաբանական անձանց միությունը (ՀԱԱՊ), որը միավորում է Հայաստանում միջազգային և տեղական կապիտալով գործող տարբեր ոլորտների ավելի քան 100 կազմակերպությունների, իր մտահոգությունն է հայտնում այն փաստի վերաբերյալ, որ համաձայն ՀՀ կառավարության 846-Ն որոշման հավելված 1-ի նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներին (ՀԴՄ) ներկայացվող տեխնիկական պահանջների, ինչպես նաև նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման պարտադիր ժամկետները սահմանելու մասին 968-Ն ՀՀ կառավարության որոշման, 2013 թվականի նոյեմբերի 1-ից ՀԴՄ-ների կիրառումը դառնալու է պարտադիր ավելացված արժեքի հարկ վճարողների և այն հարկ վճարողների համար, որոնց կողմից «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային արժեքը հանրագումարով կազմելու է 10 մլն ՀՀ դրամ և ավելին:
Մտահոգում է նաև այն փաստը, որ նոր սերնդի ՀԴՄ-ները, որոնք արժեն 369,600 դրամ, կարող են ձեռք բերվել միայն մեկ կազմակերպությունից («Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն):
ԱԱՀ վճարողների խմբի մեջ են ներառվում նաև փոքր շրջանառություն ունեցող կազմակերպություններ, որոնք «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4.3.4-րդ հոդվածի համաձայն չեն կարող հանդես գալ որպես շրջանառության հարկ վճարողներ:
Այս պայմաններում թիրախային գոտում կարող են հայտնվել ԱԱՀ վճարող, սակայն փոքր և միջին (այսուհետ՝ ՓՄՁ) ձեռնարկությունները: Տվյալ կազմակերպությունների կողմից նման արժեքով ՀԴՄ-ի ձեռք բերումը հանդիսանում է լրացուցիչ չնախատեսված ծախս, որը կարող է կործանարար լինել այդ տնտեսավարողի համար»:
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում խնդրել է
– մեկնաբանություններ տրամադրել բարձրացված հարցերի շուրջ;
– հարկ վճարողներին տրամադրել առնվազն 8 ամիս ժամանակ նոր սերնդի ՀԴՄ-ները ներմուծող միակ կազմակերպությունից գնելու կամ այլ՝ ավելի մատչելի տարբերակներ որոնելու համար;
– հստակեցնել թե արդյո՞ք նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը պարտադիր է հանրային սննդի օբյեկտների համար, ովքեր վճարում են հաստատված չափով արտոնագրային վճարներ;
– տրամադրել տեղեկություն հարկ վճարողներին նոր սերնդի ՀԴՄ-ների արժեքի գնագոյացման վերաբերյալ;
– նոր սերնդի ՀԴՄ-ների վաճառքի հնարավորություն ընձեռել նաև այլ ընկերությունների, որոնք կստեղծեն համապատասխան մրցակցային միջավայր:
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում հայտարարել է, որ «նոր սերնդի ՀԴՄ-ների վաճառքը նույն արժեքով թե խոշոր և թե ՓՄՁ- ների համար անընդունելի է` հաշվի առնելով ՓՄՁ-ների գնողունակությունը»