«Հիմա օրը 1000 հոգի Հայաստանից անցնում է Ձեր՝ Սփյուռքի բալանս». Արամ Մանուկյանը՝ Սփյուռքի նախարարին
2014թ.-ի պետական բյուջեի նախագծի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հարց ուղղելուց առաջ անեկդոտ պատմեց՝ նշելով, արտագաղթի տեմպերի աճի պայմաներում Հրանուշ Հակոբյանը շուտով կդառնա համայն հայության նախարար։ «Մեկը նամակ է գրում տուն, ասում է օրը 200կմ նահանջելով գալիս ենք, էսպես, որ գնա, տուն եմ հասնելու»,-պատմեց ՀԱԿ պատգամավորը։ ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը տեղից արձագանքեց. «Գերմանացի՞ էր»։ «Չէ, լոռեցի»,-հակադարձեց Արամ Մանուկյանը, հավանաբար նկատի ունենալով Է. Շարմազանովի ծննդավայրը: Արամ Մանուկյանը շարունակեց. «Հիմա օրը մոտավոր 1000 հոգի Հայաստանից անցնում է Ձեր՝ Սփյուռքի բալանս, ու եթե հինգ տարի էլ էսպես գնա, Դուք դառնալու եք համայն հայութան նախագահ կամ նախարար»։ Պատգամավորը նշեց, որ միայն Լարսի սահմանային անցակետով մեկ ամսվա ընթացքում 160.000 հայաստանցի է անցել, ինչը նրա գնահատմամբ ողբերգություն է: «Ողբեգություն է այն, որ Սփյուռքի կառույցները մեծանում են, ձեր ոլորտը մեծանում է, ոլորտի ֆինանսավորումը շատանում է, չգիտեմ… Հիմա հարցը ես նորմալ չեմ համարում, որ դեսպանատներում, որոնք ներկայացնում են Հայաստանը, Սփյուռքի նախարարությունը պետք է ունենա հաստիք: Սա ի՞նչ է նշանակում։ Դուք էս պետության մեջ չե՞ք, կամ այդ հաստիքներն ի՞նչ պետք է անեն առանձին, որ չի անում այս դեսպանատությունը։ Թե՞ կամաց-կամաց Շարմազանովի ասածն եք հաստատում, որ Սփյուռքը ուժեղանում է Հայաստանի հաշվին»,-հարցրեց նա։ Հրանուշ Հակոբյանն էլ պատասխանեց, թե Սփյուռքի նախարարությունը դեսպանություններում իր ներկայացուցիչները չունի, ընդամենը ավելացել են դիվանագետների հաստիքներ, որոնք կաշխատեն Սփյուռքի հետ։ Արամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե այդ ո՞ր դեսպանատունը չունի նման աշխատակիցներ։ «Օրինակ ՌԴ դեսապանատան դիվանագիտական աշխատողների թիվը բավարար չէ, որ ամեն ինչով զբաղվեն, ուղղակի մեկ հաստիք ավելացվեց, որ առավել ուշադրություն դարձնեն Սփյուռքին։ Ընդամենը ուժեղացրեցինք մեր դիվանագիտական ներկայացուցչությունը»,-նշեց նա։