Կառավարության անդամներն անգամ հայտնել են կոնկրետ բանտի անունը, ուր ուղարկելու են ինձ. Սաակաշվիլի
BBC-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Միխեիլ Սաակաշվիլին երեկ այցելել է Բրյուսել, ուր և հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ:
Հանդիպման ժամանակ Սաակաշվիլին հայտարարել է, որ Բիձինա Իվանիշվիլիի կառավարության չինովնիկներն իրեն սպառնացել են իր նախագահական ժամկետի ավարտից հետո դատական հետապնդումներով:
Նա հավելել է, որ իրեն սպառնած կառավարության անդամներն անգամ հայտնել են այն կոնկրետ բանտի անունը, ուր ուղարկելու են իրեն: Սաակաշվիլին կարծում է, որ իրեն կալանավորելը հանդիսանում է Մոսկվայի հետ Վրաստանի հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկը.
«Ես կարծում եմ, որ դա չի համապատասխանում մեր ժողովրդավարական, եվրոպական ապագային: Դա դեմ է վրաց ժողովրդի կամքին և ժողովրդավարության ոգուն»: Բառոզուն իր հերթին զգուշացրել է, որ Վրաստանի կառավարությունը չպետք է դիմի ընտրովի արդարադատությանը:
Նշվում է, որ հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններից հետո Սաակաշվիլիի կողմից երկիրը լքելը խոսակցություններ է առաջացրել, որ նա այլևս չի վերադառնա Վրաստան, սակայն Սաակաշվիլին հերքել է դա: