Թուրքիան ու Ճապոնիան համաձայնագիր են ստորագրել Սինոպի ատոմակայանի կառուցման մասին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ երեկոյան ընդունել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին: Հանդիպման արդյունքներով կողմերը հայտարարել են, որ թուրք-ճապոնական հարաբերությունները հասցվել են ռազմավարական գործընկերության մակարդակի:

Բացի այդ, կողմերը համաձայնագիր են ստորագրել սևծովյան Սինոպ քաղաքում Թուրքիայի երկրորդ ատոմակայանի կառուցման նախագծի իրագործման շուրջ բանակցություններ սկսելու մասին: Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան իր պատմության մեջ առաջին անգամ ատոմակայանի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի հետ (միջերկրածովյան Աքքույուի ատոմակայանի համար):

Էրդողանն ընդգծել է, որ այժմ իրենք նման քայլ են գործում Ճապոնիայի հետ: Սինձո Աբեն իր հերթին գոհունակություն է հայտնել փաստաթղթի ստորագրման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Թուրքիայի կատարած ընտրությունը վկայում է Ճապոնիայի հանդեպ ցուցաբերած բարձր վստահության մասին:

Ներկայումս Թուրքիայի ու Ճապոնիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 4 միլիարդ դոլար: Կողմերը մտադիր են ամենամոտ ժամանակներս սկսել ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները: Հաջորդ տարի երկու երկրները նշելու են միմյանց միջև դիվանագիտական հարաբերությունների 90-ամյակը:

Տեսանյութեր

Լրահոս