Վրաստանում նախագահական ընտրություններ են անցկացվում
Վրաստանում այսօր նախագահական ընտրություններ են անցկացվում: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` քվեարկությանը կարող է մասնակցել 3,5 մլն ընտրող:
Նախագահի պաշտոնին հավակնում են ռեկորդային թվով թեկնածուներ. քվեաթերթիկում նշված է 23 անուն, իրականում նրանք 21-ն են, քանի որ երկու թեկնածու վերջին պահին հանել են իրենց թեկնածությունները:
Փորձագետների կարծիքով` հիմնական ֆավորիտները կառավարող «Վրացական երազանքից» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին է, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն եւ Սահակաշվիլիի` «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից Դավիթ Բաքրաձեն: Հաղթող կարող է համարվել այն թեկնածուն, ով կստանա քվեների կեսից ավելին: Նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով: