Ադրբեջանի ՊՆ-ը հերքել է ռազմաօդային ուժերի ղեկավարին փոխելու տեղեկատվությունը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը հերքել է ԶԼՄ-ների այն հաղորդումը, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերն ունեն նոր հրամանատար:
Ավելի վաղ հաղորդվել էր, թե Պաշտպանության նախարարի փոփոխումից հետո ՊՆ-ում սկսվել է կադրային մաքրման գործընթաց, և որ ռազմաօդային ուժերի հրամանատար է նշանակվել գեներալ մայոր Ռամիզ Թահիրովը, ով ստացել է նաև պաշտպանության փոխնախարարի պաշտոնը:
Նշվում է, որ Ռամիզ Թահիրովը, ով հանդիսանում է պետության ղեկավարի՝ ռազմական հարցերով օգնականի տեղակալ, այդ պաշտոնում փոխարինել է Ալթայ Մեհթիևին: Սակայն Ադրբեջանի ՊՆ-ը հերքել է այս տեղեկատվությունը:
Միևնույն ժամանակ նա չի հերքել այն, որ զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՊՆ-ի տեսչության պետ, գեներալ մայոր Մամեդ Բեյդուլաևը, որին փոխարինել է գնդապետ (ազգային հերոս) Ֆահրադդին Ջեբրաիլովը:
«Դոկտրինա» լրագրողական ռազմական հետազոտությունների կենտրոնի տվյալներով՝ մոտ ապագայում փոփոխություններն առնչվելու են նաև Պաշտպանության նախարարի տեղակալներին, մի շարք վարչությունների պետերի և մի շարք խոշոր զորամիավորումների հրամանատարների: