Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասել էր. «Առաջին կարգի հաշմանդամները ստանալու են մի ամբողջ 1400 դրամով ավելի թոշակ՝ 19.600 դրամ: Աշխատանքային կենսաթոշակների, այսպես կոչված, բարձրացումների արդյունքում 30 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ՀՀ քաղաքացին ստանալու է 30.200 դրամ: Մինչդեռ պաշտոնական վիճակագրությամբ պարենային զամբյուղը կազմում է 39.000 դրամ: ՀՀ-ում այսօր 1 մլն 146.000 մարդ պաշտոնական վիճակագրությամբ աղքատ է ու այդ մարդիկ ամեն օր լուրի են սպասում, թե ինչ կանի, այսպես կոչված, քաղաքական էլիտան՝ իրենց հուսահատության ճիրաններից ազատելու համար: Ու ահա այսօր իրենք կստանան «բարի լուր», որ քաղաքական էլիտան բարձրացրել է ինքն իր աշխատավարձը: Ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին: Սա ցինիզմ է և սա հատուկ եմ ասում բոլոր նրանց համար, ովքեր իմ դիրքորոշումը կորակեն որպես պոպուլիտական:
Ինչո՞ւ պիտի բարձրանա, ասենք, Սերժ Սարգսյանի աշխատավարձը, որ Մարտի 1-ին Երևանը տանկերով օկուպացրեց, թե՞ որ Ռուսատանում ու Եվրոպայում ՀՀ-ն ծաղրի առարկա է դարձնում: Ինչո՞ւ պիտի բարձրանա Տիգրան Սարգսյանի, Մշակույթի նախարարի, Քաղաքաշինության նախարարի աշխատավարձը, որ նրանք համրի նման հետևել են, թե ինչպես է օլիգարխը քարուքանդ անում մշակութային արժե՞քը: Էդ ինչքա՞ն պիտի աշխատավարձ բարձրացնեք, որ Փակ շուկայի ոչ անհայտ սեփականատիրոջ ունեցածը քիչ թվա նախարարներին: Ինչո՞ւ պիտի բարձրանա ԱԺ պատգամավորների աշխատվարձը: Ավելի քան 1 տարի մենք իրար հետ այստեղ ենք, հիշատակեք մի դեպք, երբ ռեալ ցավ ենք ապրել գլխապատառ փախչող ժողովրդի համար: Աշխատավարձներս ցածր է, դրա համար չե՞նք կարողացել: Հիմա էլ պատգամավորները բողոքում են, թե ինչո՞ւ է նոր սանդղակով իրենց աշխատավարձը նույնացվում նախարարների հետ: Չնեղանաք, բայց պետք է ասեմ՝ դեռ գոհ եղեք, որ ԱԺ պատգամավորին չեն նույնացրել Կառավարության թղթերը դակողի հետ, որովհետև ինչ բերում են, դակում եք՝ օրենք եք սարքում»: