Թուրքիայում բազմազավակ ընտանիքները կազատվեն հարկեր վճարելուց
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքները կազատվեն հարկերի վճարումից: Այս մասին երկրի խորհրդարանում 2014 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը:
2014 թվականի պետբյուջեում կրթական ոլորտին հատկացվել է 78.5 միլիարդ լիրա (1 դոլարը հավասար է 1.98 լիրա), իսկ քիչ ապահովված ընտանիքների սոցիալական օգնության չափը կազմել է 30.4 միլիարդ լիրա:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կոչ էր արել մեծացնել ծնելիությունը երկրում՝ յուրաքանչյուր ամուսնական զույգից «պահանջելով» առնվազն 3 երեխա: Էրդողանի խոսքերով՝ դա անհրաժեշտ է թուրք ազգի աջակցման ու զարգացման համար:
Ի դեպ, Էրդողանն ունի 4 երեխա՝ երկուական որդի և դուստր: