«Հայցվորի պահանջը քննվել է մահացածների միջև». փաստաբան

«Մեր երկրում արդարադատությունը ոչ թե կաղում է, այլ ես կարող եմ անգամ ասել, որ արդարադատություն գոյություն չունի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Գևորգ Դավթյանը: Նրա խոսքով՝ իրեն նման ենթադրություն անելու հիմք իրեն տալիս է իր վարույթում գտնվող քաղաքացիական գործերից մեկը: Գևորգ Դավթյանը քաղաքացիական գործով պատասխանող Բորիս Վենդինի ներկայացուցիչն է. նրա խոսքով՝ Ւդա Զիրոյանը հայց է ներկայացրել իր վստահորդի դեմ ինչ-որ ներքին առուծախի պայմանագրի վավերացման և դրա հիմքով բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջով: Իրականում, փաստաբանի խոսքով, նման պայմանագիր գոյություն չունի. հայցվորն այն նույնացրել է ստացականի հետ, որի բնօրինակը չի ներկայացվել, ստացականի վրա չկա ամսաթիվ, այն գրված է ձեռագրով և պատասխանողի ձեռքով չի գրվել: Այնուհետև, Գևորգ Դավթյանի խոսքով, հայցվորը փոխել է իր պահանջը և ձեռք բերման վաղեմության հիմքով նոր պահանջ է ներկայացրեկ արդեն 6 տարի առաջ մահացած անձի և նրա ժառանգությունը դեռևս չձևակերպված ժառանգի դեմ: Գևորգ Դավթյանի խոսքով՝ գործով պատշաճ հայցվորը մահացած է. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պատասխանողներ են քաղաքացիները և իրավաբանական անձիք, որոնց դեմ հայց է հարուցվել: Փաստաբանի տեղեկացմամբ՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հայցը: Ընդ որում, ըստ փաստաբանի, վճռում դատարանը խեղաթյուրել է գործի որոշ փաստեր: Այնուհետև պատասխանող կողմը (ըստ հայցադիմումի՝ պատասխանողը Բորիս Վենդին է) առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանի կողմից կայացված դատական ակտը բողոքարկել է Վերաքննիչ դատարան՝ մատնանշելով որաշակի խախտումներ. «Խախտումներից հիմնականն այն  է, որ գործն, ըստ էության քննվել է մահացած անձի դեմ, և վճիռ է կայացվել մահացած անձի դեմ, ընդ որում նաև ժառանգությունը չընդունած ժառանգի դեմ»:

Գևորգ Դավթյանի խոսքով՝ իրենց կողմից գործը քննած և վճիռ կայացրած դատավորի դեմ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն է ներկայացվել շուրջ չորս ամիս առաջ, սակայն մինչև այժմ պատասխան չկա. «Այսնիքն՝ ըստ էության՝ ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը մատնված է անգործության»:  Քաղաքացիական վերաքննիչ դատարանը, պատասխանողի ներկայացուցիչ Գևորգ Դավթյանի խոսքով, բեկանել է գործը: Փաստաբանի խոսքով՝ ամենազարմանալի հանգամանքն այն է, որ հայցվորը Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարան, որն էլ բողոքը վարույթ է ընդունել: «Վճռաբեկ բողոքն, ըստ էության հայցադիմումի կրկնությունն է և այնտեղ չկա որևէ փաստարկ, թե որ հիմնավորումների հիման վրա վճռաբեկ բողոքը պետք է ընդուներ վայրույթ: Ընդ որում, քաղաքացիական դատավարություն օրենսգրքում հստակ նշված է պարտադիր պայման, որ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին հիմնավորումները: Սակայն այդ վճռաբեկ բողոքում ընդհանրապես նման կետ, նման նշում, անգամ հոդվածի մատնանշում առկա չէ: Վճռաբեկ դատարանն ընդամենը մեկ նախադասությամբ  նշում է, որ վճռաբեկ բողոքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի և 234-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին, ուստի այն պետք է ընդունել վարույթ: Հետաքրքիրն այն է, որ վճռաբեկ դատարանն ինքը մատնանշում է 234-րդ հոդվածը, որի մասին վճռաբեկ բողոքում ընդհանրապես որևէ դրույթ չկա և հիմնավորում չկա: Ժողովրդական լեզվով ասած՝ Վճռաբեկ դատարանն այն սզբունքն է կիրառում, որ ինչ կուզենա, կանի»: Փաստաբանի խոսքով՝  առաջին ատյանի դատարանի կողմից իր կողմից նշված գործով նման վճիռ չէր կայացվի, վճռաբեկ դատարանն իր տեղում լիներ. «Եթե նա իմանար, որ հետո վճռաբեկը այս գործն ուղղակի կջարդեր, ընդ որում ինքը կենթարկվեր կարգապահական պատասխանատվության առնվազն, ապա նման բան նա չէր անի»:

Տեսանյութեր

Լրահոս