Իրանն ազատ է արձակել ամերիկացի քահանային

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում ազատ է արձակվել ամերիկացի քահանա Էդդի Ռոմերոն, ով ձերբակալվել էր երեկ՝ Թեհրանի բանտի առջև կազմակերպած միայնակ բողոքի ակցիայի ժամանակ: Այս մասին հայտարարել է հոգևորականի դուստրը:

Վերջինս ընդգծել է, որ հայրն իրեն զանգահարել է երեկ վաղ առավոտյան (իրանյան ժամանակով երեկոյան) և հայտնել, որ գտնվում է Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատանը և պատրաստվում է հոկտեմբերի 23-ին Լոս Անջելես վերադառնալ Turkish Airlines-ի չվերթով: ԱՄՆ պետդեպարտամենտը չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Նշվում է, որ Ռոմերոյին ձերբակալել են Թեհրանի «Էվին» բանտի անվտանգության աշխատակիցները: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ նա մի քանի անգամ պարսկերեն երգել է Let My people go (երգի բառերը հենված են աստվածաշնչյան սյուժեի վրա՝ կապված եգիպտական գերությունից հրեաների վերադարձի հետ): Դրանով իսկ ամերիկացին բողոքել է 4 նորադարձ քրիստոնյաների և 1 իրավապաշտպանի ազատազրկման դեմ:

Ամերիկացին զբոսաշրջիկների խմբի հետ հոկտեմբերի 14-ին Իրան է ժամանել Թուրքիայից: Դա առաջին դեպքը չէ, որ ձերբակալել են Ռոմերոյին: 2008 թվականին էլ նրան կալանավորել էին Չինաստանում՝ Օլիմպիական խաղերի ժամանակ, քանի որ նա պահանջել էր ազատ արձակել տեղի 5 ակտիվիստի:

Ռոմերոն հանդիսանում է Exodus8one կազմակերպության հիմնադիր, որը նպատակադրվել է պայքարել տարբեր երկրներում քրիստոնյաների ու կրոնական մյուս փոքրամասնություններին ճնշելու դեմ:

Տեսանյութեր

Լրահոս