Միքայել Ոսկանյանն այսուհետ հանդես է գալու նաև «Miq’s art folk» քառյակով
«Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի անդամ Միքայել Ոսկանյանն այսուհետ հանդես կգա նաև «Miq’s art folk» նորաստեղծ քառյակի հետ:
««Miq’s art folk quartet»-ով գրեթե մեկ ամսից ավելի է՝ ինչ փորձեր ենք անում և պատրաստվում ենք հոկտեմբերի 21-ին «Stop» ակումբում համերգ ունենալ: Քառյակի ուղղվածությունն ավելի ֆոլկ է, գործիքներն ենք թառը, բլուլը, դաշնամուրն ու կիթառը: Ամբողջովին ակուստիկ հնչողություն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Միքայելը:
Քառյակի ծրագրի հիմնական մասը կազմում են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, ինչպես նաև ժողովրդական ստեղծագործությունները: Բացի այդ` ներառված են նաև Միքայել Ոսկանյանի ստեղծագործությունները:
Ինչ վերաբերում է «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդին, ապա վերջինս շարունակում է համերգներ տալ:
«Համերգները շարունակվում են, ավելին ձայնագրություններ ենք սկսել: Մեզ են վստահվել երկու հայկական ֆիլմերի soundtrack-ները: Ֆիլմերից մեկը կոչվում է «Մեր գյուղը», 16 մասից բաղկացած ֆիլմ է, որը շուտով եթերում կլինի: Պատրաստվում ենք նաև ձայնասկավառակ թողարկել: Ժամկետների մասին խոսելը դեռևս շուտ է, քանի որ ձայնագրությունները նոր ենք սկսել»:
Հիշեցնենք, որ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը մասնակցում է «Made in New York jazz competiton» միջազգային մրցույթին: Երկար ժամանակ օնլայն քվեարկության փուլում գլխավորելով առաջին հորիզոնականն, այս պահին խումբը գտնվում է երկրորդում` զիջելով Մակեդոնիայի ներկայացուցչին:
«Մրցույթի այս փուլի վերջնաժամկետը դեկտեմբերի մեկն է: Առաջին տեղը գրաված խումբը կմասնակցի Նյու Յորքի ջազ փառատոնին, որին կմիանան ժյուրիի ընտրած 4-5 խմբերը»:
Մաղթենք խմբին հաջողություն` հույս ունենալով, որ Նյու Յորքի ջազ փառատոնում կտեսնենք նաև Հայաստանը ներկայացնող «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի տղաներին: