«Հարսնաքարի» գործով կրկին կհարցաքննվեն տուժողները

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ մեղադրանքի կողմը ժամանակ էր խնդրել գործով ամբաստանյալների տված ցուցմունքները վերանայելու համար. մեղադրանքի կողմը նշել էր, թե հնարավոր է՝ լինեն միջնորդություններ՝ կապված ամբաստանյալների տված ցուցմունքների հետ:

Մեղադրող Արմեն Մարուխյանն, ինչպես նաև տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը այսօրվա դատական նիստի ընթացքում ասացին, որ ամբաստանյալների ցուցմունքների հետ կապված միջնորդություններ չունեն: Դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, թե հարկ է այս կապակցությամբ հարցաքննել գործով տուժողներին՝ Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին, Էդգար Նիկոյանին, որպեսզի հնարավոր լինի գնահատել լրացուցիչ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները, գնահատել դրանց արժանահավատությունը:

Դատարանն ընդմիջեց նիստը, որպեսզի տուժողների ներկայացուցիչը նրանցից պարզի՝ արդյոք կարո՞ղ են ներկայանալ այսօրվա դատական նիստին: Տիգրան Եգորյանն ասաց, որ տուժող Գարիկ Սողոմոնյանի հետ կապ է հաստատել և վերջինս ասել է, որ այսօրվա դատական նիստին չի կարող ներկայանալ: Դատարանը գտավ, որ նման պայմաններում հարկ է հետաձգել դատական նիստը: Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս