Բաժիններ՝

Գևորգ Կոստանյանից պահանջում եմ ներկայանալ հրապարակային բանավեճի. Նիկոլ Փաշինյան

Իմ գրասենյակի՝ 15.10.2013թ. տարածած հայտարարության կապակցությամբ նույն օրը ՀՀ գլխավոր դատախազության կայքում տեղադրվեց մամլո հաղորդագրություն: ՀՀ գլխավոր դատախազությունը, այդպիսով, երկրորդ հրապարակային հայտարարությունն է անում բացատրելու համար, թե ինչ է նկատի ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, երբ ասել է՝ «պատրաստ եմ հրապարակային քննարկում ունենալ»: Ըստ գլխավոր դատախազության, Կոստանյանը նկատի է ունեցել, որ պատրաստ է
ոչ հրապարակային քննարկում ունենալ:

Վերը նշված դիրքորոշումը համարում եմ անհարգալից՝ հանրության նկատմամբ, ում տրամադրության տակ առկա են փաստեր, որ հիմք են տալիս կարծելու, թե Գեւորգ Կոստանյանը պարտակել է Սերժ Սարգսյանի հովանավորյալի կողմից կատարված առանձնապես ծանր հանցագործությունը:

Որպես Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի անդամ եւ բազմահազար ընտրողների ներկայացուցիչ՝ Գեւորգ Կոստանյանից պահանջում եմ ներկայանալ հրապարակային բանավեճի, եւ դեմ առ դեմ պատասխանել հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածի նախաքննության նենգափոխման վերաբերյալ իմ (ընտրողներիս) հարցադրումներին:

ՀՀ գլխավոր դատախազը, եւ ԱԺ-ի կողմից նշանակված ցանկացած պաշտոնյա հաշվետու է ոչ միայն պատգամավորի, այլ առաջին հերթին նրան ընտրած հանրության առաջ: Արտառոց այս իրավիճակում, երբ հանրային մակարդակում ՀՀ գլխավոր դատախազը կասկածվում է հանցագործության մեջ, հանրությունը պետք է մրցակցային բանավեճի պայմաններում իր կասկածները փարատելու կամ հաստատելու հնարավորություն ունենա:

Քանի դեռ սա տեղի չի ունեցել, հանրային չփարատված կասկածները չեն կարող մեկնաբանվել հօգուտ գլխավոր դատախազի: Եւ փաստը, որ Կոստանյանը, ի հեճուկս հրապարակային հանձնառության, խուսափում է հրապարակային բանավեճից, նշանակում է՝ գիտակցում է, որ բանավեճի ընթացքում կասկածները կհաստատվեն:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ԱԺ պատգամավոր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս