Շուշանյան. Դատական ակտը մեզ չի գոհացնում, այն բողոքարկելու ենք

ՀԱԿ ակտիվիստների փաստաբան Մուշեղ Շուշանյանը, խոսելով Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած վճռի մասին, ասաց, որ դեռևս չեն ստացել որոշման պատճեն և ծանոթ չէ պատճառաբանական մասին: Հիշեցնենք, որ քիչ առաջ ակտիվիստ Տիգրան Առաքելյանն արդարացվեց իրեն առաջադրված ամենածանր մեղադրանքով՝ 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Անկեղծ ասեմ՝ ինձ համար դա անսպասելի էր: Դա ոստիկանին քթի կոտրվածք պատճառելու համար առաջադրված մեղադրանքն էր, առողջության համար վտանգ ներկայացնող վնասվածք հասցնելու մեղադրանքն էր: Մնացած մասերով, ըստ էության, բողոքարկված դատական ակտը կարելի է ասել, որ թողնվեց անփոփոխ: Ընդամենը կալանքի տակ գտնվելու մասով պատժի ժամկետները կրճատվեցին: Բնականաբար, դատական ակտը մեզ չի գոհացնում, և մենք այն բողոքարկելու ենք Վճռաբեկ դատարան»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:

Նա նշեց, թե չի ցանկանում կանխատեսել Վճռաբեկ դատարանի որոշումը, սակայն իր խոսքով՝ իրենց համար այն մեծամասամբ կանխատեսելի է: «Մեծ հավանականությամբ Վերաքննիչ դատարանի՝ այսօր  կայացված ակտը թողնվելու է անփոփոխ, որից հետո մենք արդեն կքննարկենք Եվրոպական դատարանի դիմելու հարցը»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:

Տեսանյութեր

Լրահոս