Հասան Ռոուհանին քննադատել է համալսարաններում խոսքի ազատության դեմ ձեռնարկված խիստ միջոցները
Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին քննադատել է համալսարաններում խոսքի ազատության դեմ ձեռնարկված խիստ միջոցները: Ռոուհանին այս մասին հայտարարել է համալսարաններում ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ:
Նա ընդգծել է, որ միայն օրենքը պետք է հիմք հանդիսանա համալսարանների գործունեության կարգավորման համար: Ռոուհանին հավելել է, որ իր վարչակազմը թույլ չի տա, որ մի շարք շրջանակներ ճնշում գործադրեն համալսարաններում սովորողների վրա:
Ռոուհանիի խոսքերով՝ Իրանն ունի «դիվանագիտական գիտության» կարիք. «Ես կոչ եմ անում անվտանգության համար պատասխանատու բոլոր անձանց՝ ներառյալ հետախուզության նախարարությանը, որ ճանապարհ հարթեն այդ դիվանագիտության զարգացման համար:
Իրանը պետք է հավատա գլոբալիզացիային: Մենք հենվում ենք մեր վրա, սակայն չենք մոռանում նաև այլ երկրների հետ համագոյակցության կարևորության մասին»: