 
                        «Անտեսված գեղեցկություն»` նոր նախագիծ նկարչուհի Հասմիկ Ավետիսյանի կողմից
 
                                    Հոկտեմբերի 16-ին, ժամը 18:00-ին Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունենալու նկարչուհի Հասմիկ Ավետիսյանի «Անտեսված գեղեցկություն» (Լուսնի երեխաներ) Արտ նախագծին նվիրված ցուցահանդեսի բացումը:
Այս նախագիծը նկարչուհին նվիրել է ալբինոսներին, և ցուցահանդեսի անվան ընտրությունն էլ պատահական չէր:
«Ալբինիզմը գեղեցկության անտեսված տեսակ է: Լուսանկարչության մեջ եղել են դեպքեր, երբ անդրադարձել են ալբինոսներին, բայց նկարչության մեջ ես երևի առաջինն եմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նկարչուհին:
Ցուցահանդեսին ներկայացվելու է 29 աշխատանք: «Այս նախագծի իդեան երկու տարի առաջ է եկել, իսկ նկարները ստեղծվել են այս տարվա ընթացքում»,- նշեց Հասմիկ Ավետիսյանը:
Վերջինս իր նկարներում բոլոր ալբինոսներին պատկերել է լուսանկարներից. «Ոչ մի ալբինոսի չկարողացա արվեստանոց կանչել, միայն մեկը եկավ, ում հետ կարողացա մի փոքր զրույց ունենալ: Ես ամեն անգամ նրանց ասում եմ, որ այդ երևույթին նայում եմ գեղեցկության տեսանկյունից և չեմ դիտարկում այն՝ որպես խնդիր, բայց չգիտես ինչու, իրենք խուսափում են, միգուցե այդ անտեսվածությունն է պատճառը»:
Նշենք, որ ցուցահանդեսը տևելու է մինչև հոկտեմբերի 29-ը:
 
  
  
  
 
                                    

 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        