Բաժիններ՝

Պոլիտեխնիկի ավագ դպրոցի սաները պատուհան մաքրող ռոբոտ կստեղծեն (տեսանյութ)

Պատուհանների մաքրումը շուտով կկատարվի առանց մարդկային գործոնի. պատուհանները կմաքրեն հատուկ պատուհան մաքրող ռոբոտները, որի գաղափարը պատկանում է Պոլիտեխնիկի ավագ դպրոցի սաներից մի քանիսին: Նրանք իրենց գաղափարը «Արմռոբոտիքս»-ի տաղավարում ներկայացնում էին հոկտեմբերի 4-6-ն ընթացող «ԴիջիԹեք Էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ:

Պատուհան մաքրող ռոբոտի գաղափարով պատանի-երիտասարդները ներկայանում են «Robotics industry» կոչվող խմբով: Խմբի անդամ Գրիգոր Գրիգորյանը 168.am-ի զրույցում ասաց, որ այս խնդիրը լուծելու ուղղությամբ աշխարհում տվել են տարբեր լուծումներ, սակայն դրանք ձեռնտու չեն, քանի որ արժեքը շատ թանկ է, և դրանք ունեն շատ բարդ կառուցվածք: Սակայն, ըստ մեր զրուցակցի`իրենք իրենց առջև նպատակ են դրել ավելի պարզ կառուցվածքով և ավելի մատչելի գնով ռոբոտ ստեղծել:

«Ռոբոտը պետք է վակուումների միջոցով մնա պատուհանի ապակու վրա, թրթուռավոր ակերով շարժվի ապակու երկայնքով և զիգզագաձև շարժումով ամբողջությամբ մաքրի ապակին`հատուկ կտորի միջոցով»,- ասաց Գ. Գրիգորյանը` նշելով, որ սկզբնական շրջանում ռոբոտը կաշխատի արտաքին էլեկտրական սնուցմամբ, սակայն հետագայում այն հնարավոր է՝ սեփական մարտկոցն ունենա:

«Աշխատանքն ավարտելուց հետո ռոբոտը կարող է տեղեկացնել այդ մասին, օրինակ` սմարթֆոնի միջոցով»,- ասաց Գ.Գրիգորյանը` նշելով, որ նմանատիպ ռոբոտը կարող է կիրառվել հատկապես բարձրահարկ շենքերի ապակիները մաքրելու համար:

Կարդացեք նաև

Մեր զրուցակցի տեղեկացմամբ, իրենց այս գաղափարը շուտով ֆինանսավորում կունենա. այն ներկայացրել են Հայաստանի ռոբոտների բաց առաջնության` «Արմռոբոտիքս»-ի ռոբոտների գաղափար մրցույթին, ու հենց ֆինանսավորումը ստանան կսկսեն ռոբոտի ստեղծման աշխատանքները:

Մանրամասները` տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս