Ինչո՞ւ քաղաքապետարանը չի պատասխանել՝ ո՞ր ընկերություններն են պաստառները տպագրում

Երևանում վերջերս հաճախ կարելի է նոր ցուցապաստառներ տեսնել: Այն տարածքներում, որտեղ կառուցապատում է իրականացվում, փակցված են «Ավելի բարեկարգ Երևան» արտահայտությամբ պաստառները: «168 Ժամը» տեղեկատվություն ստանալու հարցումով դիմել է Երևանի քաղաքապետարանին, հետաքրքրվել՝ արդյոք նման պաստառների տեղադրումը պարտադի՞ր բնույթ է կրում, քաղաքապետի կամ ավագանու ո՞ր որոշման հիման վրա է կառուցապատողներին առաջարկվել նման պաստառներ փակցնել, ո՞ր ընկերությունն է զբաղվում պաստառների տպագրությամբ և վաճառքով: Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են.

«Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման` աշխատակազմի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից տեղեկացնում են, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետին համապատասխան` Երևան քաղաքի ավագանու կողմից 16.03.2012թ. ընդունվել է «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանելու մասին» N405-Ն որոշումը, որով բոլոր կառուցապատողների համար սահմանվել են լրացուցիչ պայմաններ` Երևան քաղաքում իրականացվող քաղաքաշինական գործունեության ընթացքում շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու, փողոցների երթևեկության և հետիոտն անցումների անվտանգությունն, ինչպես նաև շինարարության ընթացքում շինարարական հրապարակները տարանջատելու և սանիտարական պատշաճ վիճակ ապահովելու նպատակով:

Qaxaqapetaran01

Համաձայն նշված կարգի՝ շինարարական հրապարակի կազմակերպման ձևն ու պայմանները պետք է ներառված լինեն կառուցապատվող օբյեկտի ճարտարապետաշինարարական նախագծում, իսկ շինարարական հրապարակի ցանկապատումն իրականացվում է հաստատված նախագծով նախատեսված ձևով ու նյութերով, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել ինչպես կառուցապատվող միջավայրի տարանջատումը հարակից տարածքներից, այնպես էլ այդ ժամանակավոր գործունեության ընթացքում ապահովել նշված կարգի հաստատման համար հիմք հանդիսացած վերոնշյալ նպատակները:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է վերջին շրջանում շինարարական հրապարակների պատնեշներին փակցվող պաստառներին, ապա դրանք փակցվում են կառուցապատողների կողմից՝ իրենց ֆինանսական միջոցներով, իսկ այդ պաստառների դիզայնն աշխատանքային կարգով քննարկվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շահագրգիռ ստորաբաժանումներում և առաջարկվել կառուցապատողներին օգտվել ընդունելի համարվող մի քանի տարբերակներից` շինարարական հրապարակների պատնեշների պաստառներն ավելի բարետես դարձնելու համար (ընդ որում, այդ պաստառների վրա կարող են տեղադրվել նաև կառուցվող շինության վերջնական տեսքը նկարագրող էսքիզային պատկերներ), որը ցանկալի է քաղաքային միջավայրում:
Երևանի քաղաքապետարանը չի հանդիսանում պաստառների պատրաստման կամ տպագրության պատվիրատուն»:

Ինչպես նկատեցիք՝ Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն այդպես էլ չի պատասխանել հարցին՝ ո՞ր ընկերությունն է զբաղվում այդ պաստառների տպագրությամբ և վաճառքով, և թե արդյո՞ք դրանք տպագրելու և կառուցապատողներին վաճառելու իրավունքը տվյալ ընկերությունը ձեռք է բերել մրցույթի արդյունքում:

Մեր տեղեկություններով՝ քաղաքապետարանը կառուցապատողներին տալիս է լայնածավալ պաստառների տպագրությամբ զբաղվող իրենց նախընտրելի ընկերությունների ցանկը, որոնց մոտ կառուցապատողները կարող են պատվիրել դրանք:
«168 Ժամ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս