Գայլերի հարձակումից տուժած գյուղացիները աջակցություն են ակնկալում պետությունից
Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, գայլերի հարձակման հերթական դեպքն է գանցվել Գեղարքունիքի մարզում: Գայլերն այս անգամ հարձակվել են մարզի Կարմիրգյուղի բնակիչներից մեկի ոչխարների հոտի վրա, ինչի ադյունքում սեփականատիրոջը զգալի վնաս է պատճառվել: Հովիվի փոխանցմամբ` 20 ոչխարներից 8-ին գայլերը հոշոտել են տեղում, մյուս 12 ոչխարները ստացել են բազմաթիվ վնասվածքներ, որոնք կյանքի համար անհամատեղելի են և դրանց անասնատերերը պարզապես սպանդի կենթարկեն: Բնակիչների փոխանցմամբ` իրենք ամբողջ տարին չարչարվել են կենդանիներին պահելով, և հիմա, երբ ձմռանը պետք է արդյունք ստանային՝ գայլի բաժին են դարձել: Նրանց խոսքով` վիրավոր կենդանիների միսը օգտագործման ենթակա չէ: Բնակիչներն այս անգամ էլ հույսները դնում են կառավարության վրա:
Սակայն հավանականությունը, թե կառավարությունը կփոխհատուցի գյուղացիներին` գրեթե զրոյական է, քանի որ Լոռու և այլ մարզերում գրանցված նմանատիպ դեպքերի ժամանակ ՀՀ կառավարությունը ոչ մի քայլ չձեռնարկեց այդ ուղղությամբ:
Նույնը վերաբերում է նաև գյուղապետարանին:
Գայլերի հարձակումները ակտիվանում են հատկապես աշնանն ու ձմռանը, իսկ շատ համայնքներ նույնիսկ որսորդ չունեն: Իսկ եթե ունեն, ապա որսորդները հրացան չունեն, ու եթե դրանց գումարենք նաև գայլերին ոչնչացնելու համար նախատեսված պատիժները, ապա գյուղացուն ոչինչ չի մնում անել, քան սպասել հերթական հարձակմանը:
Լուսանկարը` հեղինակի