Սիրիայում գործող ծայրահեղականները վերջնագիր են ներկայացրել Էրդողանին
Թուրքական Todays Zaman թերթի փոխանցմամբ՝ «Ալ-Քաիդայի» հետ կապված «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» (ISIL) խմբավորումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին սպառնացել է Ստամբուլում և Անկարայում ահաբեկչություններ իրականացնելով՝ պահանջելով, որ Թուրքիան վերստին բացի Բաբ ալ-Խավա և Բաբ էլ-Սալամե անցակետերը:
Անկարան Սիրիային սահմանին ընկած այդ անցակետերը փակել է այն բանից հետո, ինչ ISIL-ի զինյալներն իրենց վերահսկողության տակ են առել սիրիական Ազազ սահմանային քաղաքը: ISIL խմբավորումը Էրդողանի համար վերջնաժամկետ է սահմանել մինչև հոկտեմբերի 7-ը՝ սահմանային անցակետերը բացելու համար:
Բացի այդ, կազմակերպությունը ստանձնել է այս տարվա մայիսին Հաթայ նահանգի Ռեյհանլը քաղաքում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը, ինչին զոհ է գնացել 53 մարդ, ինչպես նաև վիրավորվել է ավելի քան 100 մարդ: Մինչդեռ պաշտոնական Անկարան այդ ահաբեկչության կազմակերպման մեջ նախկինում մեղադրել է Սիրիայի հատուկ ծառայությունների հետ կապված խմբավորումներին: