Մեղադրվում է կնոջ կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում վաղը կշարունակվի Վ. Մուրադյանի գործով դատական նիստը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, «Վ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012-ի դեկտեմբերի 4-ին ժամը 04-ի սահմաններում Աղբյուր Սերոբ փողոցի 15-րդ շենքի 16 բնակարանի հյուրասենյակում, ամուսնական անհավատարմության հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Դ. Նահապետյանի հետ, որի ընթացքում ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով ձեռքերով, ապակյա վազով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև Դ.Նահապետյանի մազերից քաշելով տարել է խոհանոցի մուտքի մոտ, որտեղ խոհանոցային դանակներով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և գլխի ձախ կողմնային, ծոծրակային շրջանների սալջարդ վերքերի, ճակատի թվով 2 հատ արյունազեղումների, գլխի փափուկ հյուսվածքների ներքին մակերեսի, գլխուղեղի թաղանթների և ուղեղանյութի տարածուն, մուգ կարմիր գույնի արյունազեղումների, դեմքի, պարանոցի, իրանի աջ վերին վերջույթի բազմաթիվ կտրած ծակած, թափանցող և չթափանցող վերքերի, զույգ թոքերի, լյարդի վնասվածքների, ներքին /3400 մլ/ և արտաքին մասսիվ արունահոսությունների, ներքին օրգանների արտահայտված սակավարյունության, աջ բազկի արյունազեղման ձևով պատճառել կյանքին վտանգ սպառնացող վնաս պատճառող մարմնական վնասվածքներ ու տեղում սպանել է նրան»:
Վ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ըստ datalex-ի՝ գործին որպես ապացույցներ կցված են հագուստներ, 3 դանակ:
Գործով նախագահող դատավորը Գագիկ Սարգսյանն է: