Իմ նախագահության ժամանակ Վրաստանը դարձավ թիվ մեկ բարեփոխիչ երկիր. Սաակաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ավարտել է իր ամերիկյան այցը: Դրա շրջանակներում իր վերջին հանդիպումը նա անցկացրել է մայրաքաղաք Վաշինգտոնում՝ մասնակցելով Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսոր Թոմաս Բյուրգենտալի պատվին կազմակերպված միջոցառմանը:
Իր ելույթում Սաակաշվիլին խոսել է Վրաստանի նախագահի պաշտոնում իր կառավարման ժամանակ երկրում իրականացված բարեփոխումների մասին՝ ընդգծելով, որ այդ ժամանակահատվածում Վրաստանը դարձել է թիվ մեկ բարեփոխիչ-երկիր. «Երբ ես ժամանեցի Վրաստան, այն չկայացած երկիր էր, այնպիսի երկիր էր, որում չկար էլեկտրաէներգիա և իշխում էր կրիմինալը:
Իմ նախագահության ժամանակ Վրաստանը դարձավ թիվ մեկ բարեփոխիչ-երկիր: Մենք հայտնվեցինք Համաշխարհային բանկի տասնյակում՝ որպես բիզնես վարելու պլանում աշխարհի լավագույն երկրներից մեկը: Համաշխարհային բանկի գնահատամամբ՝ մենք ունենք մաքսային ամենարագ ընթացակարգերը:
Վրաստանն աշխարհի ամենաքրեականացված երկրներից մեկն էր: Իսկ այժմ հանցավորության մակարդակը մեզ մոտ ամենացածրերից մեկն է եվրոպական երկրների թվում: Վրաստանը հանդիսանում էր նաև աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը»: