Գևորգ Կոստանյանը ԱԺ-ում հանդիպում է ընդդիմադիր խմբակցությունների հետ

Այսօր Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունների և ՕԵԿ-ի հետ հանդիպում է ՀՀ դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը: Վերջինս երկար քննարկում ունեցավ ՕԵԿ-ի հետ: Լրագրողների հարցադրումներին Գ. Կոստոնյանը չպատասխանեց, խոստացավ դրանց անդրադառնալ քննարկումների վերջում միայն: Նա միայն պատասխանեց այն հարցին, թե  արդյոք արժանի՞ է համարում իրեն գլխավոր դատախազի պաշտոնում. «Ես չէ, որ պետք է պատասխանեմ այդ հարցին: Հարցը պետք է ուղղել նրան, ով առաջադրել է»:

ՕԵԿ խմբակցության հետ հանդիպման ժամանակ, ինչպես տեղեկացրեց խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը, անդրադարձ է կատարվել ոլորտի զարգացման հիմնախնդիրներին, օրենսդրական կարգավորմանը, գնահատական է տրվել արդարադատության ոլորտում կատարված աշխատանքին, քննարկվել են քաղաքացի-դատախազ հարաբերության հարցերը:

«Քաղաքացիների հետ մեր մշտական շփումների ընթացքում մենք տեսնում ենք, որ իրավապահ համակարգի բարեփոխումների, ավելի բաց շփումների խնդիր ունենք: Թեկնածուի հետ բավականաչափ երկար քննարկվեցին մոտեցումները, մեզ հետաքրքիր էին նաև հենց իր մոտեցումները, դրա համար հանդիպումը տևեց մոտավորապես հիսուն րոպե, որը մենք երկար չենք համարում: Դա նորմալ աշխատանքային քննարկում էր»,- ասաց Մհեր Շահգելդյանը: Ինչ վերաբերում է խմբակցության մոտեցումներին ու դիրքորոշմանը թեկնածուի հարցում, ապա պատգամավորը նշեց, թե դրանք կերևան քվեարկության ընթացքում, բայց, այնուամենայնիվ, Գևորգ Կոստանյանի դիրքորոշումները, սկզբունքները, ավելի լայն իրավական դաշտի կազմավորման հարցում, դրական են գնահատում: Այն հարցին, թե քննարկվե՞լ է ադյոք Սյունիքի նախկին մարզպետի որդուն և թիկնապահին քրեական հետապնդումից ազատելու հարցը, Մ. Շահգելդյանը պատասխանեց, որ կոնկրետ խնդիրներ չեն քննարկել:

Շահգելդյանը ոչ կոռեկտ համարեց այն հարցադրումը, թե Գևորգ Կոստանյանը իրենց կողմից  նախընտրելի՞ թեկնածու է, թե՞ իրենք ա՞յլ թեկնածու ունեն: Այս պահին Գևորգ Կոտոնյանը ՀԱԿ խմբակցության հետ է հանդիպում: Իսկ իշխող մեծամասնության՝ ՀՀԿ-ի հետ, նա կհանդիպի երկուշաբթի:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս