Վարդան Պետրոսյանը` թանկացումների մասին. «Սա բնութագրում եմ` ժողովրդի կաշին քերթել»
«Ես ներկայացմանը հեղափոխական կոչեր չեմ անում, կարծում եմ` արվեստն ընդհանրապես հեղափոխության կոչեր չպետք է անի»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում իր նոր` «Ամեն երկուշաբթի» ներկայացման մասին ասաց դերասան Վարդան Պետրոսյանը` չհամաձայնելով լրագրողներից մեկի դիտարկման հետ: Չնայած` հեղափոխության կոչեր չի անում, սակայն, ինչպես ինքն է նշում, ներկայացնում է իրականությունը երգիծանքի հայելու մեջ:
«Ուրիշ, որ ես համարձակորեն գովում և խրախուսում եմ մեր երիտասարդությանը, օրինակ, ինքնակազմակերպված այս պայքարին` կապված տրանսպորտի գների թանկացման հետ: Ուրիշ, որ ասում եմ` հպարտ եմ այդ երիտասարդներով, և հիմա էլ եմ ասում»,- նշեց նա:
Որպես ավագ սերնդի ներկայացուցիչ` Վարդան Պետրոսյանը հիշեց, թե իր ժամանակներում էլ կային խնդիրներ, այսպես ասած, թաղային հեղինակությունների հետ, սակայն այսօրվա տարբերությունն այն է, որ այսօր նրանք մխրճվել են քաղաքականության մեջ և հաղթող դիրքեր են գրավել:
«Էդ տղաները միշտ իրենց հեռու են պահել քաղաքականությունից` նույնիսկ մի տեսակ ցույց տալով, որ բարձր են քաղաքականությունից: Այսօր իրենք քաղաքականության մեջ են. քաղաքապետի ընտրություններում հաղթեցին թաղային հեղինակությունները, չէ՞, նրանց միջոցով կարողացան հաղթել»,- ասաց Վարդան Պետրոսյանը:
Դերասանը «վռնդել է» այսպիսի «խարոշիների» կերպարն իր ներկայացումից և գտնում է, որ այսօր երիտասարդներն են պայքարում ու կռվում, որպեսզի ապացուցեն` «քաղաքը ձերը չէ, քաղաքը մերն է»:
Վարդան Պետրոսյանը խոսեց քաղաքային տրանսպորտի սակագինը կրկին բարձրացնելու տեղեկությունների ու ընդհանուր թանկացումների մասին. «Թանկացումների մասին մի բան կարող եմ ասել` ամբողջ աշխարհում են գնում թանկացումներ, բայց այնտեղ այսպիսի անխիղճ թանկացումներ չկան: Օրինակ` Ֆրանսիայում էլեկտրագնացները թանկացան մոտ կես եվրոյով, դա քիչ չէ, բայց, միևնույն է, դա նույնը չէ, ինչ մեզ մոտ թոշակառուի համար 100 դրամը դարձնես 150: Այնտեղ գազի գինը բարձրացավ 3 տոկոսով, իսկ մեզ մոտ` կարծեմ 67 տոկոսով: Մեզ մոտ թանկացումներն անմարդկային չափերով են գնում: Սրանք ուղղակի հսկողությունից դուրս թանկացումներ են, տպավորություն կա, թե ով ինչպես ուզում, այնպես էլ թանկացնում է: Եվ հիմա էլ համոզում են, թե «երթուղային տաքսիների սակագինը բարձրացնելով` ծառայությունների որակն ենք բարձրացնում»:
Սա ինձ համար առնվազն ծիծաղելի է: Քաղաքապետարանը կարող է միջոցներ գտնել, որպեսզի սուբսիդավորի, դոտացիաներ գտնի, որ կարողանա բարձրացնել տրանսպորտի որակը: Բոլորովին դժվար չէ օրինակ` «կարմիր գծերի» ծառայությունը տալ ոչ մասնավոր սեփականատիրոջը, այլ քաղաքապետարանին…
Սա բնութագրում եմ` ժողովրդի կաշին քերթել, որովհետև երբ մտնում ես սոցիալապես ամենաաղքատ մարդու գրպանը, սա արդեն որևէ հայ մարդ չի կարող հասկանալ, ամեն ինչ ըմբռնելի է, բայց հորը, մորը, տատին, պապին չպետք է կպնել»,- իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնեց դերասանը:
Նա չբացառեց այն հայտնի թեզը, թե տրանսպորտի սակագնի բարձրացումը դիտավորյալ է կատարվում` ավելի կարևոր քաղաքական գործընթացներից մարդկանց ուշադրութունը շեղելու համար, սակայն ընդգծեց, որ դա իր համար էական չէ, քանի որ տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիական շարժման ժամանակ քաղաքը միավորվեց:
«Տեղի ունեցավ այն, ինչ տեղի էր ունենում ղարաբաղյան շարժման առաջին օրերին. փայլուն, լուսավոր օրեր ապրեց ժողովուրդը` շնորհիվ մեր հրաշալի երիտասարդության: Ես խղճում եմ այն մարդկանց, ոքվեր չապրեցին այդ օրերը, ովքեր վերևից նայում և ասում էին` սա սարքած գործ է: Չեք իջել ներքև, չեք սեղմել այդ ջահելների ձեռքը, չեք տեսել իրենց հայացքները, չեք ապրել այդ մեծ պահը, ինչի՞ եք ապրում, ի՞նչ եք անում էդ ձեր կաբինետներում, ի՞նչ եք խոսում էդ ճոխ սեղանների շուրջ, այդպես էլ մեռնելու եք գնաք»,- դիմելով նման մարդկանց` ասաց դերասանը, ում կանխատեսմամբ` տրանսպորտի սակագնի բարձրացման դեպքում «քաղաքական շատ կռուտոյ բաներ են լինելու»:
«Եվ եթե նոր պայքարը սկսվի, իհարկե պիտի միանամ»,- ավելացրեց Վարդան Պետրոսյանը: