Մանվել Եղիազարյանը` Վոլոդյա Ավետիսյանի մասին. Նա էն ֆիգուրան չի, որի միջոցով մյուսների վրա ազդելու փորձ անեն
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալության պատճառն իր մարտական ընկերներների համար անհասկանալի էր, որովհետև նա հադիպում էր վարչապետի հետ, նախարարի հետ, ովքեր բավարարել էին իր պահանջները: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Նա նշեց, թե Հայաստանում այնքան մեծ, սարսափելի խախտումներ են կատարվում, որոնց համար ոչ ոք պատիժ չի կրում, բայց Վ. Ավետիսյանին 200 դոլարի համար կալանավորում են. «Բայց կարելի էր չէ՞ նրան հրավիրել մի տեղ, ասել` եղբայր, գումարը ետ վերադարձրա, ի՞նչն է դրդել քեզ այդ հանցագործությանը… մեր քայլով չպետք է ոչնչացնենք տվյալ մարդու բարոյահոգեբանական էությունը, չէ՞որ չգիտենք` ի՞նչն է պատճառը, որ նա դիմել է այդ քայլին: Եթե մենք Հայաստանում ունենայինք սարսափելի օրենքի երկիր, այլ կլիներ, բայց դեպքերն այնպես են զարգանում, որ Վոլոդյա Ավետիսյանի արածը հավասար է ձու գողանալուն»:
Մանվել Եղիազարյանի խոսքով` առաջին հերթին իշխանություններին է վնասում ազատամարտիկին կալանավորելը: Նա միաժամանակ նշեց, թե Վոլոդյա Ավետիսյանը ավելի է «ձեռք տալիս» իշխանություններին, քան Ազատության հրապարակում հավաքված բողոքող ազատամարտիկները, ուստի այդ ձերբակալությունը նրան չեքոքացնելու նպատակ չի հետապնդում: «Նա այն մարդը չէ, որ ազդեցություն ունենա, որ իրեն էլ ձերբակալեն, մեզ վախեցնեն»,- շեշտեց նա:
168.am-ի հարցին, թե այդ դեպքում ի՞նչ խնդիր են լուծում իշխանությունները նրան ձերբակալելով, Մանվել Եղիազարյանը պատասխանեց. «Տեսել եք, չէ՞, էն կինոն` «джентльмены удачи», որ ասում ա` не воровать без меня: Սա է խնդիրը, ավելի շատ խորանալ չեմ ուզում: Նա ոչ տուն էր քանդել, ոչ մեկի տունը չէր հրդեհել: Նա էն ֆիգուրան չի, որի միջոցով մյուսների վրա ազդելու փորձ անեն: Նպատակը նա է, որ Հայաստանում ոչ մեկ ոչ մի հարց չի լուծում, ուզում են ենթարկեն իրենց ասածին: Ամեն դեպքում` մարդիկ կան, որոնց ներվերները մի քիչ թույլ ա, չի բացառվում, որ Վոլոդիային մի քիչ քաշքշում են, որ իրենց թուլացնեն: Բայց ասենք ինձ դրանով չեն կարող վախացնեն: Ես այնքան ուժեղ մարդ եմ, որ կյանքի վրա կարող եմ չսիրահարվել, իսկ մարդիկ կան, որ իրենց վախը սրանով կարողա բռնեն էլի…»:
Նրա կարծիքով` շուտով Վոլոդյա Ավետիսյանին ազատ կարձակեն. «Կտեսնեք` իշխանությունները բաց են թողելու»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա մյուս բանախոս Ռուբեն Հովհաննիսյանն էլ կարծիք հայտնեց, որ Վոլոդյա Ավետիսյանը ընդունակ չէր կաշառք վերցնելու, ապա շեշտեց. «Այսօր մեր երկրում ոչ ոք ապահովագրված չէ, գուցե վաղը ինձ էլ լրտես ճանաչեն: Իրեքն ուզում են, որ ստրուկի նման ապրենք այս երկրում, չբողոքենք: Բայց մենք մեկս մյուսի հետ սպայկա ունենք` պայքարելու ենք: Կարծում եմ` այս գործը շինծու է և մենք սատար ենք կանգնելու իրեն»: