Սիրիական ազատ բանակի ու «Ալ-Քաիդայի» զինյալների բախումից հետո Թուրքիան փակել է սահմանային անցակետը

Al-Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Ալ-Քաիդայի» զինյալներն իրենց վերահսկողության տակ են առել Սիրիայի հյուսիսում գտնվող Աազազ քաղաքը, որը գտնվում է Հալեպից 35 կիլոմետր հեռավորության վրա:

«Իրաքում ու Լևանտում իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ 300 անդամ երեկ հարձակվել են «Հյուսիսի Փոթորիկ» բրիգադի վրա, որը մտնում է հակակառավարական «Սիրիական ազատ բանակի» կազմի մեջ, և նրանց դուրս են մղել Թուրքիային սահմանակից այդ քաղաքից:

Բախման ժամանակ զոհվել է 6 զինյալ, վիրավորվել է 25 մարդ: Եվս 70 խռովարարի ճակատագիրը դեռ անհայտ է: Նշվում է, որ նախկին զինակիցների միջև բախում է առաջացել՝ հանուն Բեբ էս-Սալյամ սահմանային անցակետի վրա վերահսկողություն հաստատելու, որով անցնում են օտար հովանավորների տրամադրած զենքի մատակարարումները:

Թուրքիայի իշխանությունները երեկ հապճեպ փակել են Քիլիսի քաղաքի մոտ գտնվող սահմանային այդ անցակետը: Նշվում է, որ Սիրիական ազատ բանակն ու «Ալ-Քաիդայի» տարածաշրջանային մասնաճյուղերը վերջին շրջանում գնալով ավելի հաճախ են սկսել հաշիվներ մաքրել իրենց ենթակայության տակ գտնվող շրջանների համար:

Տեսանյութեր

Լրահոս