Բաժիններ՝

Նորապատ համայնքը` աղբավայր դառնալու շեմին (լուսանկարներ)

Արմավիրի մարզի նորապատ համայնք առանց բժշկական դիմակի անհնար է մտնել: Համայնքը ողջունում է այցելուներին հսկայական աղբակույտերով և այնպիսի տպավորություն ստեղծվում, որ Նորապատում ամիսներ շարունակ աղբահանություն չի իրականացվել: «Էս տաբլիցայի տակ պետք ա նաև զգուշացնել, որ համայնք այցելող հյուրերը դիմակ-բան հետները բերեն, որ էս հոտին  դիմանան»,- ասում է նորապատցի Սահակը` ցույց տալով «Նորապատ համայնք» ցուցանակն ու հարևանությամբ թափված աղբի հսկայական կույտերը:

Նորապատի գյուղապետարանից հավաստիացնում են, որ ամենաշատը երկու շաբաթը մեկ գյուղում իրականացվում է աղբահանություն, սակայն երկու-երեք օր անց Նորապատը կրկին թաղվում է աղբի կույտի մեջ: Նորապատցիները հավաստիացնում են` իրենք մաքուր ժողովուրդ են, մեղավորը հարևան համայնքների բնակիչներն են, այնտեղ աղբահանություն չի իրականացվում, և նրանք աղբը բերում-թափում են իրենց աղբանոցում: «Իբր շատ գոհ էինք, որ մեր տան հարևանությամբ է աղբանոցը, հիմա նաև պետք է հարևան գյուղերի աղբի հոտին էլ դիմանանք»,- բարկանում է տիկին Վարսիկն ու հավելում, որ գյուղացիների համբերության բաժակը լցվել է:

Norapat (4)

Norapat (3)

Կարդացեք նաև

Norapat (1)

Բնակիչները պատմում են, որ տարեցտարի աղբանոցի սահմաններn ընդաձակվում են, և չի բացառվում, որ մի քանի տարի հետո Նորապատը համայնքից վերածվի մեծ աղբավայրի:

«Պատկերացրեք, որ ամռան շոգին զիբլիը տասը օր մնա, ի՞նչ հոտի կընկնի: Բերում են, գիշերով թափում են, ասում են` մեր կողմերը որ թափենք` հավաքող չկա, գոնե ձեր մոտ մեկ-մեկ զիբիլը տանում են: Բայց մենք էլ մարդ ենք, էս հոտին, էս տեսարանին ո՞նց դիմանանք»,- ասում է նա: Տիկին Վարսիկը հիշում է, որ հունիս ամսին իրենց փողոցում սարսափելի հոտ էր տարածվել: «Պարզվեց, որ կատու է սատկել, հոտն ամբողջ տարածքով ընկել էր»,- ասում է նա:

«Սա վարակի բուն է, բացի նրանից, որ հոտ է գալիս ու զզվելի է, նաև վարակի բուն է, կեղտից ցանկացած հիվանդություն կարող է տարածվել»,- ասում է Մարինեն:

Բնակիչներն այս խնդրով մի քանի անգամ դիմել են գյուղապետարանին, սակայն նրանց ասել են, որ ոչինչ անել չեն կարող: Չեն կարող տարածքի պատասխանատու նշանակել, հսկողություն սահմանել, իսկ քանի որ բազմաթիվ գյուղերում աղբահանություն չի իրականացվում, նրանք աղբը բերում են մարզկենտրոնին հարակից Նորապատ գյուղ, որտեղից էլ ամենաշուտը տասը օրը մեկ աղբը տեղափոխվում է Արմավիրի աղբանոց:

Norapat (5)

Norapat (6)

Norapat (7)

Աղբանոցի են վերածվել նաև համայնքն ու մարզկենտրոնը միմյանց կապող երկաթգծի «Արմավիր» կայարանն ու հարևանությամբ կառուցված գետնանցումը: Նորապատցիները չեն հիշում, թե գետնանցումը վերջին անգամ երբ է լուսավորվել, կամ երբ են բնակիչներն օգտվել դրանից: Գետնանցումը վաղուց վերածվել է աղբանոցի, զուգարանի և թափառական շների ապաստանի, ու բնակիչները երկաթուղու գծերի վրայով են փողոցն անցնում:

«Մեր համայնքի բազմաբնակարան շենքերը Արմավիրի վարչական տարածքի մեջ են մտնում, ու քաղաք գնալու համար ստիպված ենք լինում երկաթուղու գծերի վրայով քայլել: Երեխաներին արգելում ենք, դպրոց տանել-բերելիս իջնում ենք ներքև, որ երեխաները մենակ չանցնեն: Մեկ-մեկ մեզ կամիկաձե ենք զգում, հատկապես այն օրերին, երբ բեռնատար վագոններ են կայանված լինում, ու մի կերպ ենք փողոցն անցնում»,- ասում է տիկին Սուսաննան:

Նորապատցիները բազմիցս դիմել են Արմավիրի քաղաքապետարան` պարզելու, թե ինչու չեն մաքրում գետնանցումը: Քաղաքապետարանից պատասխանել են, որ կառույցն իրենց ենթակայության տակ չէ: «Դիմեք «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ»,- քաղաքապետարանից այսպես են պատասխանել տիկին Սուսաննային: Տիկինը չի ալարել և զանգահարել է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին, սակայն կազմակերպությունից էլ պատասխանել են, որ չեն կարող գետնանցումի համար պատասխանատվություն կրել, քանի որ իրենց իրավասության ներքո չի գտնվում: Ստացվում է, որ երկու կառույցներն էլ հրաժարվում են գետնանցումը մաքրել: «Նրանք թքած ունեն, թե մենք ոնց ենք փողոցն անցնում, ու ինչ հոտ է փչում տարածքից»,- ասում է տիկին Սուսաննան`  հավելելով, որ կառույցները «խելքի կգան» միայն այն ժամանակ, երբ փողոցն անցնելիս, Աստված չանի, ողբերգություն տեղի ունենա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս