Եվրոպական կովերը «մատ» են անում. Ինչո՞ւ ՀՀ պաշտոնյաները չեն ցանկանում աջակցել սեփական ֆերմերներին (տեսանյութ)
Ինչպես մի ժամանակ կոմունիստական կուսակցությանն անդամագրվելիս էին երդվում՝ ԽՍՀՄ դրոշի առջև ծնկած, այնպես էլ հիմա ՀՀ պետական համակարգում ծառայության անցնելիս, կարծես, երդվում են միայն ու միայն խոսել իրենց վստահված ոլորտի առաջընթացի ու զարգացման ծրագրերի մասին:
168.am-ը նախորդ հրապարակումներից մեկում (Տավարաբուծության տապալումը. Պետական ծրագրով ներկրվող եվրոպական երինջների մեծ մասն անկել է) անդրադարձել էր «Տավարաբուծության զարգացման 2007-2015թթ. ծրագրին», որը, մեղմ ասած, չի ապահովել խոստացված արդյունքը. Եվրոպայից ներկրված երինջների մեծ մասն անկել է: Թեև ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը պնդում է, թե ծրագրով ներկրվող շվից, հոլշտին և սիմենթալ ցեղատեսակների երինջները տեղայնացման (կլիմայավարժեցման) խնդիր չունեն, ծրագրի շահառու հայ ֆերմերները հակառակն են ասում: Մեր հրապարակումից հետո Ա.Հովհաննիսյանը հորդորեց այցելել «Ագրոհոլդինգ» ԲԲ ընկերություն, որը 2009թ. և 2010թ. ծրագրով ձեռք է բերել, համապատասխանաբար, 120 և 166 երինջներ:
Մենք էլ Հովհաննիսյանի խոսքը գետնով չտվեցինք ու գնացինք «Ագրոհոլդինգ»: Պարզվեց, որ այստեղ էլ պատկերը ավելի լավը հուսալու տեղ է թողնում՝ 2010-2013 թթ. ընթացքում եվրոպական երինջներից անկել է 122-ը:
«Պետական ծրագիրը շատ լավ պայմաններ է առաջարկում՝ 4 տարվա ընթացքում 10%, 20%, 30% և 40% մարելու գրաֆիկով: Խնդիրն այն է, որ մենք, այս կովերը բերելով, մասնագիտական տեղեկություններ չենք ունեցել: Ես անասնաբույժ եմ, գիտությունների թեկնածու, բայց սա մեր Հայաստանի համար անծանոթ կենդանի է: Մեծ կորուստներ ենք ունեցել, 286 գլխից այսօր մնացել է 1/3-ը»,- ասաց «Ագրոհոլդինգի» համահիմնադիր-ղեկավար Արմեն Խեչոյանը:
Ընդ որում, ձեռք բերելուց շատ չանցած` բոլոր երինջները հիվանդացել են դաբաղով, ինչը պետք է բացառվեր, քանի որ կենդանիները ֆերմերներին պետք է հանձնվեին պատվաստված: Դաբաղ հիվանդության առկայությունը փաստվում է նաև ի պատասխան մեր հարցադրումներին գյուղնախարարության կողմից տրամադրված գրությունում:
«Ներկրվող կենդանիները պետք է լինեն 3-6 ամսական հղիության շրջանում գտնվող, տոհմային ծագում ունեցող և անասնաբուծական բոլոր պատվաստումները ստացած մաքրացեղ առողջ երինջներ»,- ասված է տավարաբուծության զարգացման ծրագրի վերաբերյալ կառավարության որոշման մեջ (22 մարտի, 2007 թ., N 336-Ա):
Ա.Խեչոյանի խոսքով՝ կենդանիներն անկել են նաև տարբեր՝ մինչ այդ Հայաստանում անծանոթ հիվանդություններից ու վարակներից, իսկ ՀՀ-ում չի եղել մասնագետ, ով անհրաժեշտ խորհուրդներ տա ֆերմերներին. «Ո՞ր մասնագետը կարող է խորհուրդ տալ, թե ոնց պահվի այն կենդանին, որը Հայաստանում երբեք չի եղել: Մինչ այդ ինչ եկել է, սատկել է: Ես մասնագետ եմ, գիշեր-ցերեկ զբաղվում եմ, գրականություն եմ ուսումնասիրում, փնտրում եմ՝ ինչ խնդիրներ և ինչ լուծումներ կան, իսկ անհատ գյուղացիները, որ ձեռք են բերել 2-3 հատ, այդ գյուղացին որտեղի՞ց տեղեկություն ստանա»:
Գիտությունների թեկնածուի գնահատականով՝ Եվրոպայից ներկրվող երինջները կլիմայավարժեցման խնդիր ունեն ու չի կարելի «փակ աչքերով» նման անասուններ ներկրել: Անկած կենդանիների դիմաց որևէ փոխհատուցում չի եղել: Միայն դաբաղի պատճառով 1 տարով հետաձգվել է վճարման ժամկետը:
Ներկայումս կովերի միջին կաթնատվությունը 7400 լիտր է, դաբաղի ժամանակ 2500-3000 լիտր է եղել, որքան որ մեր հայկական լավ կովերն են տալիս:
«Մեծ կորուստ ունեցանք, որ կենդանիները բերվեցին, դաբաղ ընկան ու չկթվեցին: Իսկ ամեն օր դրանք 2500-3000 դրամի կեր են ուտում: Դաբաղով հիվանդացած կենդանին վերականգնվում է 1.5-2 տարվա ընթացքում: Այդ պատճառով ոչ մի ֆերմեր չի պահում եկամուտ չտվող կենդանուն, մորթում են: Իսկ մենք այլ տարբերակ չունեինք»,- ասաց Ա.Խեչոյանը՝ հավելելով, որ անասունի գնի տարաժամկետ մարումը լավ է, բայց քիչ, և ֆերմերներին այլ օգնություն էր անհրաժեշտ, ոչ թե ֆինանսական, այլ մասնագիտական:
«Ագրոհոլդինգը» մինչ օրս վճարել է կենդանիների ընդհանուր 270 մլն դրամ արժեքի մոտ կեսը՝ 135 մլն դրամ, և նույնքան էլ պետք է վճարի: Առաջին խումբ անասունների դիմաց վճարման ժամկետն արդեն ավարտվել է, իսկ ամեն ուշացած օրվա համար գյուղնախարարության հետ կնքված պայմանագրով ընկերությունը պարտավոր է վճարել 0.05% տույժ-տուգանք, որը գերազանցում է 3 մլն դրամն ու օր օրի ավելանում է:
Ըստ Ա.Խեչոյանի՝ միայն կաթի վաճառքը չի բավականացնում վճարումներն ըստ ժամանակցույցի կատարելու համար: Փոխարենը՝ ֆերմայում կան մոտ 150 երինջներ, որոնց չեն կարողանում վաճառել ու պարտքը փակել:
«Գյուղացին պատրաստ է կառավարության ծրագրով 1.2 մլն դրամով երինջ գնել և 4 տարում մարել գումարը, իսկ մենք պատրաստ ենք այդ գնից 20-25% ավելի էժան վաճառել: Դիմել ենք կառավարություն, նախարարին, որ իրենց բերած երինջների սերունդը ինքնարժեքով՝ 850 հազար դրամով վերցնեն ու ընդգրկեն ծրագրում: Առավել ևս, որ դրանք տեղայնացված են, գյուղացին կարող է գալ, իր աչքով տեսնել ու ընտրել: Առայժմ դրական պատասխան չունենք: Ես տեղյակ եմ, որ Հայաստնի բոլոր ֆերմերները, ովքեր օգտվել են այս ծրագրից, նույն վիճակում են, պարտքերի տակ են, իսկ թե ինչու երինջները չեն կարող վաճառել նույն ձևով, ավելի էժան, տեղայնացված, իմունիտետով՝ հասկանալի չէ: Ավելի լավ չէ՞ր լինի, որ այդ գումարները ոչ թե դուրս գնային, այլ տեղում մեր ֆերմերները կարողանային օգտվել՝ և՛ վաճառողը, և՛ գնորդը»,- նշեց մեր զրուցակիցը:
Ծրագրի շահառուներից Գագիկ Հովհաննիսյանին հաջողվել է մարել իր ձեռք բերած երինջների մայր գումարը՝ մոտ 40 մլն դրամ, բայց արդյունքում նա այսօր այլևս կովերի ֆերմա չունի:
Գ. Հովհաննիսյանը ծրագրի մեկնարկային տարում գնել էր 22 երինջ (նա այն ժամանակ «Թամարա» ՍՊԸ-ի համասեփականատեր էր, հետո վաճառել է իր մասնաբաժինը), իսկ 2008-ին նրա ղեկավարած «Հովբար» ՍՊԸ-ն (այժմ վերանվանվել է «Արալեռ ՏՈՏ») գնել էր ևս 79-ը: Մեզ հետ զրույցում Գ. Հովհաննիսյանը պատմեց, որ երբ կենդանիները սկսել են ծնել, առաջին 10 օրում բոլոր հորթուկները սատկել են ինչ-որ անհայտ վիրուսից: Գյուղատնտեսության նախարարությունից ոչ մի աջակցություն չի եղել, թեև հիշեցնենք, որ կառավարության նույն որոշմամբ՝ կենդանիները պետք է պատվաստված լինեին բոլոր հիվանդությունների դեմ: Հովհաննիսյանի խոսքով՝ իր սեփական միջոցներով արտերկրից դեղամիջոց է բերել և ներարկել հիվանդ կենդանիներին:
«Սխալ ծրագիր է, ու մինչև հիմա էլ շարունակում են: Չի կարելի նման անասունին հղի վիճակում այդքան ճանապարհ տեղափոխել: Կենդանիները հյուծվում են, չեն դիմանում: Դրանց առնվազն 1 տարի է պետք նոր պայմաններին հարմարվելու համար»,- նշեց Գ. Հովհաննիսյանը:
Հետագա խնդիրներից խուսափելու համար 1.2 մլն արժողությամբ տոհմային երինջները Հովհաննիսյանը վաճառել է ընդամենը 600-650 հազար դրամով: Միաժամանակ այսօր ստիպված է իր իրավունքները պաշտպանել դատարաններում: Խնդիրն այն է, որ 5 տարում կուտակվել է 6 մլն դրամ տույժ: Ընդ որում՝ եթե մյուս ֆերմերների հետ կնքված պայմանագրերում 1 ուշացված օրվա համար տույժը 0.05% էր, ապա Հովհաննիսյանի հետ կնքված պայմանագրում 0.15% է: Թե ինչով է պայմանավորված այս խտրականությունը՝ պարզ չէ: Մենք գրել էինք, որ ուշացված վճարների գործին միջամտել է նաև գլխավոր դատախազությունը և դատական կարգով պահանջել վճարը: Առաջին ատյանի դատարանը Հովհաննիսյանին պարտավորեցրել է վճարել, բայց նա մտադիր է դիմել վճռաբեկ դատարան:
Շարունակելի…
Հ. Գ.Կառավարության որոշումը չի պարտավորեցնում գյուղնախարարությանը երինջները անպատճառ բերել արտերկրից: Նախարարության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը դա բացատրում է նրանով, որ ֆերմերները երինջների դիմաց պահանջել են նույնքան գումար, որքան այն արժենում է արտերկրից բերելու դեպքում, այսինքն՝ 1.2 մլն դրամ: Թեև մեզ հետ զրույներում ֆերմերները նշում էին 800-850 հազար դրամ գինը: Գուցե՞ ԶԼՄ-ներին հաջողվի այս ՙթյուրըմբռնումը՚ հարթել: