Երևանի քաղաքապետարանի դիմաց նստացույցը շարունակվում է (լուսանկարներ)
Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմացից բերման են ենթարկվել 10 քաղաքացիներ, ովքեր ցանկանում էին մասնակցել Երևանի ավագանու հերթական նիստին: Հիշեցնենք, որ «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստներն արդեն 45 օր շարունակ նստացույց են իրականացնում քաղաքապետարանի մոտ` քաղաքապետարանի երկու պաշտոնյաների` Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով:
Այս պահին ավագանու նիստը քաղաքապետարանի ներսում շարունակվում է, իսկ շենքի դիմաց իրենց նստացույցն են շարունակում մի խումբ քաղաքացիներ, ովքեր սպասում են նիստի ավարտին:
Ոստիկանությունը վերոնշյալ 10 քաղաքացիներին բերման է ենթարկել այն հիմնավորմամբ, որ նրանք իրավունք չունեն մասնակցելու ավագանու նիստին: Նշենք, որ ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքում նման որևէ կետ չկա: Փոխարենը, ՏԻՄ օրենքի 14 հոդվածում (Համայնքի ավագանու նիստը) մասնավորապես նշված է.
«Համայնքի ավագանու նիստը հրավիրում և վարում է համայնքի ղեկավարը կամ պաշտոնակատարը. նրանք ունեն խորհրդակցական ձայնի իրավունք: Համայնքի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են ավագանու անդամների կեսից ավելին: Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը, կամ նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը, եւ նիստը չի սկսվում, ապա նիստի չկայացման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու՝ նիստին ներկայացած անդամները: Համայնքի ավագանու որոշումները և ուղերձներն ընդունվում են ավագանու՝ նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Համայնքի ավագանու որոշման մեջ նշվում են որոշման նախագծին կողմ, դեմ եւ ձեռնպահ քվեարկած ավագանու անդամների ազգանունները, որոնց դիմաց նրանք ստորագրում են: Համայնքի ավագանու որոշումը կնքում է համայնքի ղեկավարը: Համայնքի ավագանու նիստը շարունակվում է մինչեւ օրակարգի սպառումը: Նիստը կարող է ընդհատվել ավագանու որոշմամբ կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում: Համայնքի ավագանու նիստը դռնբաց է»: