Իրանի արտգործնախարարը Սիրիայի հարցը քննարկել է 10 երկրների արտգործնախարարների հետ

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Ալժիրի, Քուվեյթի, Հորդանանի, Հունաստանի ու Ադրբեջանի արտգործանախարարների հետ, որոնցում գլխավոր թեման եղել է Սիրիայի հարցը:

Զարիֆն ընդգծել է, որ Իրանը դատապարտում է քիմիական ամեն տիպի զենքի կիրառումը. «Որևէ այլ երկիր քիմիական զենքից այնպես չի տուժել, ինչպես որ Իրանը: Դրա համար էլ մենք դատապարտում ենք Սիրիայում քիմիական զենքի կիրառումը՝ անկախ նրանից, թե ով է օգտագործել այն:

Մենք նաև ցանկանում ենք, որ ՄԱԿ-ի տեսուչներն արդար հետաքննություն անցկացնեն դրա վերաբերյալ, քանի որ նախնական հետաքննությունը վկայել է, որ Սիրիայում կիրառած քիմիական զենքը եղել է ինքնաշեն: Դրա համար էլ մենք բոլորին կոչ ենք անում չընդունել հապճեպ որոշումներ և մեղադրանքներ չհնչեցնել Սիրիայի կառավարության ու բանակի հասցեին նախքան հետաքննության ավարտը»:

Զարիֆն անդրադարձել է նաև Սիրիային արտաքին հնարավոր հարված հասցնելուն. «Աշխարհը չի կարող տանել նոր պատերազմ: 21-րդ դարում անընդունելի է ուժի կիրառումը, քանի որ գոյություն ունեցող ճգնաժամը կանխելու փոխարեն այն կարող է ընդլայնել նրա աշխարհագրությունը»:

Տեսանյութեր

Լրահոս