Դավիթ Շահնազարյան․ ՌԴ պաշտոնյաները պետք է «զգույշ լինեն իրենց գնահատականներում»

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, «Կոնկորդ» կենտրոնի տնօրեն Դավիթ Շահնազարյանի կարծիքով, Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձինք, դիվանագետները, պետք է «մի փոքր ավելի զգույշ լինեն իրենց գնահատականներում»:

«Ռուսաստանում պետք է հասկանան, որ իրենց գործողությունների արդյունքում նրանք աստիճանաբար մեկուսանում են անգամ իրենց ռազմավարական գործընկերներից ՝ այդ թվում Հայաստանից», – այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի հասցեին ռուսաստանցի նախկին ու ներկա դիվանագետների վերջերս հնչեցրած հայտարարություններին:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հայտարարություններին:

Անցած ամիս ռուսաստանյան լրատվական կայքերից մեկի հետ զրույցում Կովալենկոն, մեջբերելով Հայաստանի նախագահի՝ հունիսի վերջին Վարշավայում հնչեցրած խոսքերը, թե հայ ժողովուրդը եվրոպական արժեքների կրող է, հայտարարել էր․ «Իր գանձարանում տեղ տալով եվրոպական արժեքներին՝ Հայաստանը կարող է կանգնել սայթաքուն ճանապարհին»:

Իսկ երեկ Երևանում «Դեպի Եվրասիական միություն» խորագրով քննարկման ժամանակ, ինչպես փոխանցում է 168.am-ը, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Վասիլևը Հայաստան-ԵՄ ասոցացման և ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների վերաբերյալ, մասնավորապես, ասել էր․ «Մեզ տագնապի տեղիք է տալիս այդ սեպարատ, գաղտնի բանակցությունները, որոնք ընթանում են Եվրամիության ու Հայաստանի միջև, որոնց պայմանները թե՛ հանրությունից, թե՛ բոլորից թաքցվում են»: Վասիլևը նաև հրապարակավ տեսակետ էր հայտնել, թե առաջիկայում Հայաստանը պետք է ընտրություն կատարի եվրոպական ու եվրասիական ինտեգրացիների միջև ու եզրափակել, թե այդ առումով Հայաստանում «թեժ աշուն» է սպասվում:

Ըստ Դավիթ Շահնազարյանի, Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշումները կբերեն նրան, որ Եվրոպայի հետ մերձեցումը Հայաստանի համար կդառնա անշրջելի՝ ինչպես Ուկրաինայում է:

«Այնուամենայնիվ կարծում եմ, որ այդ ճնշումները կրում են ժամանակավոր բնույթ և բոլոր այն անձինք, որոնց համար մեր անկախությունը, պետականությունը և որոշում ընդունելու մեր իրավունքը բարձրագույն արժեք են, պետք է պաշտպանեն եվրաինտեգրացիային միտված քաղաքականությունը: Սա պատմական պահ է Հայաստանի համար»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:

Կարդացեք այստեղ.

 

Տեսանյութեր

Լրահոս